Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կա զենքի միջազգային մաֆիա, որ մեր ճանապարհները փակում է» (տեսանյութ)

Քաղաքականություն
tevan

«Ժառանգության» պատգամավոր Թեւան Պողոսյանի տվյալներով՝ աշխարհում ֆիզիկայի ու մաթեմատիկայի զարգացվածության առումով լավագույն քսանյակում ՀՀ-ն 18-րդ երկիրն է. «Սակայն այդ գիտությունը՝ տնտեսությանը նպաստելու, օժանդակելու առումով, վերջին երկիրն ենք աշխարհում: Փաստորեն, ունենք լավ գիտնականներ, որոնք կարողանում են լավ գյուտ անել, սակայն այն կյանքի կոչելու իմաստով  ունենք խնդիր: Գիտնականները դրանից են նեղվում»: «Ա1+»-ի հետ զրույցում նա չցանկացավ մեկնաբանել ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի խոսքերը. «Այդ տեսակի բառապաշարը չեմ ցանկանում մեկնաբանել՝ հարգանք ունենալով խոսքի ազատության նկատմամբ, թե ով, ինչ բառեր է ընտրում՝ արտահայտվելու համար»: Իսկ Ռադիկ Մարտիրոսյանն ասել է՝ եթե զենք արտադրենք, ապա «դրսում  մեր քթին այնպես կխփեն: Միջազգային զենքի շուկան կյանքի ու մահվան կռիվ է, եւ ամեն մի քոսոտ երկիր չի կարող մտնել այնտեղ»: Պարոն Պողոսյանը նկատում է՝ գիտությանն օգնում, զարկ ես տալիս ֆինանսավորմամբ. «Ու ամեն անգամ ԱԺ-ում պետական բյուջեի քննարկմանը այդ հարցը բարձրացվել է ու մերժում ստացել, ավելացումներ չեն եղել: Շատերն այդ մասին չեն խոսում, սակայն մենք զենքարտադրության ու միջազգային շուկա դուրս գալու փորձ ունենք: Ունենք եւ լազերային ինստիտուտ, որն իր հետաքրքիր ծրագրերն ունի, ունեցել ենք նաեւ հայկական ատրճանակ, ավտոմատ, գնդացիր՝ վերջին շրջանում զարգացած, որոնք տաբեր միջազգային ցուցահանդեսների են մասնակցել, բայց դրանց մասին կարծես թե չի խոսվում»: Միջազգային շուկաներ դուրս գալու համար, Թեւան Պողոսյանի խոսքերով, այլ երկրներ մեր ճանապարհները փակել են. «Կա նաեւ միջազգային մաֆիա, երբ տարբեր երկրներ փորձում են ամեն ինչ անել՝ քաղաքական իմաստով օգտագործել, որ երկրները չկարողանան սեփական զենքի տեսակները արտադրեն: Սակայն դա չի նշանակում, որ ՀՀ-ն, եթե ցանկանա ինքն իր համար արտադրի, որեւէ մեկը պետք է մեզ սահմանափակի: Ես միշտ ասել եմ՝ գիտությունը ներդրումներ են, այլ ոչ երբեք ծախս»: