Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ներդրվում է «911» զանգերը սպասարկելու նոր համակարգ

Հասարակություն
911-text

6-ին ՀՀ ԱԻ նախարար Ա. Երիցյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված «911» ծառայության բնագավառում նորագույն տեխնոլոգիաների կիրառմանը: Խորհրդակցությանը մասնակցում էր նաև «ՍՕՍ ՍԻՍԹԵՄՍ» ընկերության ղեկավար Արա Յաղջյանը: Հավատարիմ մնալով բնակչության փրկության կանչերին հնարավորինս օպերատիվ և արդյունավետ արձագանքելու, ինչպես նաև ՏՏ ոլորտի նորարարություններին զուգահեռ ընթանալու իր ռազմավարությանը՝ ԱԻ նախարարությունը ներդնում է «911» արվող զանգերը սպասարկելու նոր համակարգ՝ կենտրոնանալով նաև հատուկ կարիքավոր մարդկանց խմբերի ահազանգման հնարավորությունները մեծացնելու և դրանց արձագանքման արդյունավետությունն ընդլայնելու վրա: ՀՀ ԱԻ նախարարության, «Ռոստելեկոմ» ու «ՍՕՍ ՍԻՍԹԵՄՍ» ընկերությունների հետ համատեղ մշակած ծրագիրը թույլ կտա արտակարգ իրավիճակներում հայտնված կամ դրա ականատեսը դարձած քաղաքացիներին օգնություն ցուցաբերել ավելի օպերատիվ և արդյունավետ կերպով: Նոր ծրագիրն արդեն մեկ ամիս պիլոտային փուլում է: Ներբեռնելով Google play (մոտ ապագայում նաև App Store) վիրտուալ խանութում առկա «ՍՕՍ ՍԻՍԹԵՄՍ» հավելվածը՝ քաղաքացին հնարավորություն կունենա անհրաժեշտության դեպքում կապ հաստատել ԱԻ նախարարության «911» ծառայության հետ, հաղորդագրություն ուղարկել հարազատներին ու ընկերներին և առաջին բուժօգնության խորհուրդներ ստանալ ԱԻՆ մասնագետների կողմից: Հավելվածում առկա են հետևյալ հնարավորությունները՝ ·         «SOS» ազդանշանի ուղարկում ԱԻ նախարարությանը, հարազատներին և մտերիմներին ·         մոտակա արագ արձագանքման կենտրոնի փնտրում ·         ԱԻ նախարարությունից անհրաժեշտ տեղեկատվության ստացում: Հավելվածում առկա «SOS» կոճակը սեղմելուց և մի քանի վայրկյան պահելուց հետո ահազանգն անմիջապես փոխանցվում է ՀՀ ԱԻՆ ՃԿԱԿ «911» ծառայություն, որի ընթացքում ծրագիրը թույլ է տալիս պարզել նաև ահազանգող քաղաքացու գտնվելու վայրը: Հատուկ կարիքավոր մարդիկ կարող են հավելվածում ավելացնել հարազատների և ընկերների կոնտակտային տվյալները, ինչը թույլ կտա «911» ծառայությունից բացի, կապ հաստատել նաև նրանց հետ: «SOS» ազդանշանի կոճակի սեղմումից հետո ընտրված կոնտակների բաժանորդները ստանում են PUSH և SMS հաղորդագրություն՝ տեղեկանալով, որ հավելվածից օգտվողն արտակարգ իրավիճակում է: Հաղորդագրությունը ներառում է կանչի հասցեն, GPS կոորդինատները և ինտերակտիվ քարտեզի հղումը: Կանչի վայրը քարտեզի վրա նշվում է կարմիր կետով, բացի այդ` նշվում է նաև տվյալ վայրի հասցեն: Դեռևս պիլոտային փուլում գտնվող հավելվածն ունի 100-ից ավելի ներբեռնում: -           Նոր ծրագրի կարևորությունը հատուկ կարիքավոր և թիրախային խմբերի պաշտպանվածության բարձրացումն է, ինչպես նաև նրանց համար ահազանգման նոր հնարավորությունների ստեղծումը: Դա մեծապես կօգնի շարժունակության, արտաքին աշխարհի հետ շփումներ հաստատելու խնդիրներ ունեցող մարդկանց՝ հնարավորություն ընձեռելով նրանց կապ հաստատել մեզ հետ: Անհրաժեշտ է նաև մտածել հավելվածում նոր գործառույթների ներառման և դրանց զարգացման ուղղությամբ,- ընգծեց ԱԻ նախարար Ա. Երիցյանը: Հավելվածով «SOS» ազդանշանի լիարժեք աշխատանքն ապահովելու համար հավելվածը ներբեռնելուց հետո անհրաժեշտ է գրանցվել համակարգում և լրացնել օգտվողի մասին պահանջվող տեղեկությունները: Նշենք նաև, որ ավարտին է մոտենում «Ռոստելեկոմ» և «Նիկիտա մոբայլ» ընկերությունների աջակցությամբ զուգահեռաբար գործարկվող ևս մեկ ծրագիր: Ներդրված նոր համակարգի շնորհիվ քաղաքացիները կարող են «911» ծառայության հետ կապ հաստատել նաև SMS տարբերակով՝ հաղորդագրություն ուղարկելով 911 կարճ համարին: ՀՀ ԱԻ նախարարության հետ համատեղ «ՍOՍ ՍԻՍԹԵՄՍ» ընկերությունը 2012 թ. ստեղծել և ներդրել է Հայաստանում նախադեպը չունեցող հակահրդեհային շուրջօրյա մոնիթորինգային համակարգ: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ հակահրդեհային ծառայությունների արագ արձագանքը հրդեհի ժամանակ չափազանց կարևոր է: Սակայն հաճախ հրդեհի մասին ահազանգն ուշացումով է հասնում հակահրդեհային ծառայություններին: Մոնիթորինգի խնդիրն է ծխի տարածման մասին ահազանգն ինքնաշխատ ռեժիմում հնարավորինս կարճ ժամանակահատվածում հասցնել ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի «911» արագ արձագանքման ծառայության վերահսկման վահանակ: Այս համակարգի կիրառմամբ հնարավոր է խուսափել մարդկային զոհերից և ավերածություններից, նվազագույնի հասցնել հրդեհի պատճառած վնասը, ապահովել ձեր աշխատակիցների և կառույցի անվտանգությունը: Հակահրդեհային շուրջօրյա մոնիթորինգային համակարգն ապահովում է հակահրդեհային վերահսկում առցանց ռեժիմում, օրը 24 ժամ` ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի «911» արագ արձագանքման ծառայության միջոցով, ինչպես նաև ինքնաշխատ կանչ հրդեհի դեպքում՝ առանց անձնակազմի միջամտության: