Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Նախիջեւանում Ադրբեջանը զինտեխնիկա է կուտակել». Կորյուն Նահապետյան (տեսանյութ)

Քաղաքականություն
koryun

ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հաստատեց այն լուրերը, որ Նախիջեւանի հատվածում Ադրբեջանը զինտեխնիկա է կուտակել: Նրա վստահեցմամբ՝ իրավիճակը վերահսկելի է. «Եվ պաշտպանության նախարարության ղեկավարությունը, եւ զինված ուժերի գլխավոր շտաբը ամբողջապես տիրապետում են  իրավիճակին: Մեր զորախմբերը, զինված ուժերի համապատասխան ստորաբաժանումներն ամբողջապես պատրաստ են ցանկացած հարձակում դիմագրավել: Ուզում եմ վստահեցնել նաեւ հանրությանը, որ մեր զինված ուժերի մարտունակության մակարդակը շատ բարձր է, եւ բոլոր այն նոր մարտահրավերներն ու սպառնալիքները, որոնք կարող են առաջ գալ կոնկրետ նաեւ ձեր նշած ուղղությամբ, ուղղակի պետք է հանգիստ լինենք, որովհետեւ իրապես մենք վերահսկում ենք իրավիճակը կոնկրետ համապատասխան տարածքում»: Անդրադառնալով ԱԺ-ում Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ դռնփակ հանդիպմանը` պարոն Նահապետյանը նկատեց՝ հանդիպման առանձին նյութեր հրապարակվել են որոշ պատգամավորների կողմից. «Ինձ համար ուղղակի անհասկանալի է մեր որոշ գործընկերների պահվածքը, երբ հայտարարվում է, որ քննարկումը փակ է, եւ առանձին գործընկերներ հրապարակել են որոշակի տեղեկություններ, որի իրավունքը, բնականաբար, չունեին: Այս պահին չեմ կարող կոնկրետ անուններ տալ, քանի որ պարզ չէ, թե որ պատգամավորներն են եղել մանրամասները հրապարակողները»: Ինչ վերաբերում է ՀՀ-ՌԴ ռազմաքաղաքական համագործակցությանը, ապա  Կորյուն Նահապետյանի հավաստիացմամբ՝ դա չի կարող խոչընդոտ լինել այլ երկրներից զենք գնելու համար. «ՀՀ-ն ՌԴ-ից զենք է գնում արտոնյալ պայմաններով: Խնդիրն այդ համատեքստում պետք է նայել՝ այլ երկրներն ինչ պայմաններով ու ինչ գնով են վաճառում զենքը»: