Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ-ադրբեջանական հակամարտությունը շարունակվում է դիվանագիտական ոլորտում (տեսանյութ)

Քաղաքականություն
A1CC4F62-26B9-41B6-AA41-B5578856C21C_w987_r1_s

Ամերիկայի Ձայն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտությունը շարունակվում է ոչ միայն ռազմական, այլեւ՝ դիվանագիտական ոլորտում: Այդ հակամարտության դրսեւորումներից մեկը դարձավ Բաքվում ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի 7-րդ գլոբալ ֆորումը բոյկոտելու Հայաստանի որոշումը: ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանի խոսքով, Հայաստանը միշտ կիսել է դաշինքի նպատակները. «Հայաստանն իր ծավալուն ներդրումն ունի քաղաքակրթությունների երկխոսության եւ քաղաքակրթությունների միջեւ համերաշխության պատմության մեջ»: Այդուհանդերձ, մեղադրելով պաշտոնական Բաքվին Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ իրականացրած ագրեսիայի մեջ՝ հայկական կողմը հրաժարվեց մասնակցել Բաքվում անցնող ֆորումին. «Ապրիլի 2-ից հետո ավելի ցայտուն դարձավ այն անհեթեթությունը, որ ֆորումը անցկացվում է երկրում, որը մշտապես առաջ է տանում ռասիզմի դրսեւորումները, այլատյացությունը, հայատյացությունը, որը հերոսացնում է մարդասպաններին»: Ադրբեջանական կողմը հերքում է բոլոր մեղադրանքները եւ խոսում բազմամշակութային մոտեցման անվիճարկելի առավելությունների մասին: «Բազմամշակութային արժեքների հզորացումը դրական տենդենց կլիներ ներկայիս քաղաքականության մեջ», - ասում է Իլհամ Ալիեւը: Ալիեւի նման հայտարարությունները սակայն հաճախ հակասում են իրականությանը, որը ներկայացնում են ադրբեջանական լրագրողներն ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները: Թուրքիայում բնակվող ադրբեջանցի հայտնի լրագրող Արզու Գեյբուլաեւայի խոսքով, Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ քննադատության եւ հայերի իր գործընկերների հետ համագործակցության համար նրան բազմաթիվ անգամ սպառնացել են սպանել եւ բռնաբարել. «Երբ ես դավաճան անվանվեցի եւ ինձնից պետության թշնամի սարքեցին, այդ մասին հաղորդեցին թերթերում եւ հեռուստատեսությամբ: Սակայն, այդ հաղորդումների մեջ երբեւէ չէին հիշատակում իմ քննադատական հոդվածները, այլ միշտ նշում էին հայերի հետ իմ կապը եւ Ստամբուլում հայկական թերթի համար հոդվածներ գրելը»: Ադրբեջանական կողմը վերջերս ՄԱԿ-ում պաշտոնական նամակ էր տարածել, որում մեղադրել էր Հայաստանին ադրբեջանական տարածքի օկուպացման մեջ եւ ընդգծել, որ Ադրբեջանը շարունակելու է իրականացնել հողերը վերադարձնելուն միտված իր գործողությունները: Հայաստանն, ի պատասխան, մեղադրել է Ադրբեջանին ռազմական գործողությունների հետ զուգահեռ ոճրագործություններ իրականացնելու մեջ: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի բազմաթիվ կոնգրեսականներ իրենց աջակցությունն էին հայտնել Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատմանն ուղղված նախաձեռնություններին, իսկ Պետքարտուղարությունն ընդգծել էր, որ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի: