Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կարևոր է, որպեսզի Երևանը գրավիչ դառնա վրացի զբոսաշրջիկների համար»

Հասարակություն
vrac

Երևանը ներկայացվել է Թբիլիսիում անցկացված տուրիզմի միջազգային 18-րդ Կովկասյան զբոսաշրջային ցուցահանդեսին («Caucasus Tourism Fair CTF 2016»): Միջոցառմանը մասնակցել են զբոսաշրջային և հյուրանոցային բիզնեսի ավելի քան 100 ընկերություններ՝ Հայաստանից, Վրաստանից, Էստոնիայից, Ինդոնեզիայից, Թայլանդից և մի շարք այլ երկրներից: Երևան քաղաքը ցուցահանդեսին մասնակցել է իր առանձին տաղավարով, որտեղ ներկայացվել են մայրաքաղաքի՝ որպես զբոսաշրջային նախընտրելի ուղղության առանձնահատկությունները: Երևանի քաղաքապետարանը ցուցահանդեսին մասնակցել է Թբիլիսիի քաղաքապետարանի հրավերով: Երևանի տաղավարում ցուցահանդեսին ներկայացվել են նաև զբոսաշրջային 4 գործակալություններ: Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժնի պետ Մայա Թոխալյանը նշել է, որ երեք օր շարունակ Երևանն ու մասնակից մյուս քաղաքները հնարավորություն են ունեցել ներկայացնել տարածաշրջանում իրենց մրցունակությունը, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտում փոխշահավետ համագործակցության հնարավորությունները: «Երևանից ու առհասարակ Հայաստանից մեկնող զբոսաշրջիկները զբաղեցնում են առաջին տեղը  Վրաստանի զբոսաշրջային սանդղակում: Այսօր մեզ համար կարևոր է, որպեսզի Երևանը գրավիչ դառնա վրացի զբոսաշրջիկների համար՝ հատկապես հաշվի առնելով, որ Թբիլիսիից Երևան ընդամենը 4.5 ժամ հեռավորություն է, ավելի մոտ քան, օրինակ, Բաթումը: Երևանը գրավիչ է նաև իր` տարեցտարի զարգացող և ավելի ու ավելի մեծ թվով զբոսաշրջիկների հետաքրքրող փառատոնային տուրիզմով: Աշխարհում ընդունված հանգստյան օրերի կարճատև ճամփորդությունների ցանկում ևս վրացի զբոսաշրջիկների համար Երևանը լիովին նախընտրելի ուղղություն կարող է դառնալ: Ցուցահանդեսի անցկացումը լավ հնարավորություն էր Երևանը ներկայացնելու զբոսաշրջային նման հարթակում՝ միաժամանակ ուսումնասիրելով տարբեր երկրների փորձը»,-նշել է Մայա Թոխալյանը` տեղեկացնելով նաև, որ ցուցահանդեսի շրջանակում գործընկեր քաղաքների հետ ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ՝ համագործակցության ընդլայնման և դեպի Երևան տուրիզմի զարգացման ուղղությամբ: Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժինը մասնակցել է «Caucasus Tourism Fair CTF 2016» ցուցահանդեսի շրջանակում անցկացվող միջազգային համաժողովին: