Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զ. Փոստանջյանի նախագծին ԱԺ-ում դեմ է քվեարկել միայն Ալեքսանդր Արզումանյանը (տեսանյութ)

Քաղաքականություն
zara

Կառավարության կողմից ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանի եւ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի նախագծին՝ ԼՂՀ անկախության ճանաչման վերաբերյալ  եզրակացությունը տիկին Փոստանջյանն առաջին քայլն է համարում. «Սակայն դա դեռ լիարժեք չէ, քանի որ սպասում ենք, որ ԱԺ-ն արագորեն կանդրադառնա այդ հարցին ու կճանաչենք ԼՂՀ-ն՝ որպես պետականություն ու անկախ միավոր եւ հնարավորություն կընձեռենք, որ Արցախը դառնա միջազգային իրավունքի սուբյեկտ: Այպիսով մենք ներկայացնում ենք մեր քաղաքական հայտը տարածաշրջանում»: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարությամբ է հանդես եկել այս նախագծի վերաբերյալ՝ ասելով, որ  չպետք է խուճապի մատնվել, տիկին Փոստանջյանը նշեց, որ որեւիցե մի պետության արտգործնախարարության հայտարարություն չի կարող մեզ համար կողմնորոշիչ լինել. «Սա մեր քաղաքական հայտն է, ու մենք ցանկանում ենք լինել լուրջ քաղաքական գործոն: Մենք ուղղորդվում ենք մեր ազգային շահով: Մենք այս պահին իրավունք չունենք սպասելու: Ադրբեջանը խախտել է իր կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները, հրաժարվում է զինադադարից, եւ այդ մասին անգամ դիմում է ուղարկել նաեւ ՄԱԿ: Այս պարագայում ի՞նչ բանակցությունների մասին է խոսքը: Բանակցություն այսօր գոյություն չունի: ԼՂՀ ճանաչումն այլընտրանք չունի: Ցավում եմ, որ թույլ տվեցինք, որ տեղի ունենա պատերազմ: Չեմ կարծում, որ մենք այսօր հաղթած ենք, ուղղակի վտանգը մի փոքր մեզնից հեռացրել ենք»: Զարուհի Փոստանջյանի կարծիքով՝ այս պարագայում ՀՀ դիվանագիտության քայլերից մեկը պետք է լիներ դիմել ԵԽ՝ Ադրբեջանի անդամակցությունը դադարեցնելու համար. «ՀՀ արտաքին դիվանագիտությունը բավարար չեմ համարում: Ես արդեն տարբեր դիվանագիտական խողովակներով զանգեր եմ ստանում, որ ՀՀ ճանաչումից հետո այլ պետությունների կողմից եւս հետեւելու է ճանաչման գործընթացը»: Նա չի բացառում, որ թեեւ Կառավարությունը դրական եզրակացություն է տվել, ԱԺ-ն չընդունի, այլ միայն շահարկի հարցը. «Շատ պատգամավորներ ուղղակի հրամանի, այլ ոչ խղճի մտոք են գործում: Եթե չլինի հանրության դիմադրություն, ապա ոչինչ չի լինի: Ես ոչ մի անակնկալի չեմ սպասում. ամեն րոպե իրավիճակ է փոխվում ու իրավիճակային լուծումներ չեմ ուզում, որ փնտրենք, մենք պետք է ունենանք գործողությունների հստակ ժամանակացույց»: Ի դեպ, նախկինում Զարուհի Փոստանջյանը ԼՂՀ ճանաչման վերաբերյալ նախագիծը էլի ներկայացրել էր ԱԺ քննարկման, որի ժամանակ ՀՀԿ պատգամավորներն ուղղակի չեն մասնակցել քվեարկությանը, իսկ միակ դեմ քվեարկողը, տիկին Փոստանջյանի տեղեկացմամբ, եղել է Ալեքսանդր Արզումանյանը: Ինչ վերաբերում է ԼՂՀ-ից՝ իր նախագծի վերաբերյալ արձագանքներին, ապա պատգամավորը նշեց, որ արձագանքները միայն համացանցում է տեսել, ու դրանց գերակշիռ մասը դրական է եղել»: