Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վիրավոր զինծառայողներին Գերմանիա տեղափոխելու հարցն է քննարկվել. ԱՆ

Պաշտոնական
an-1

«Էրեբունի» բժշկական կենտրոնում բուժում ստացող,  ծանր վիրավորում ստացած 19-ամյա երկու զինծառայողների վերականգնողական բուժման մանրամասները քննարկվել են ՀՀ առողջապահության նախարարությունում հրավիրված խորհրդակցության ընթացքում, որին մասնակցում էին նաև զինծառայողների ծնողները: Խորհրդակցությանը`  ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հրավերով  ներկա էր նաև Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը, ով ևս պատրաստակամություն հայտնեց արտերկիր տեղափոխվելու դեպքում աջակցել տղաների բուժօգնության կազմակերպման գործին: Խորհրդատվությունների նպատակով Ֆրայբուրգի համալսարանական կլինիկայից Հայաստան ժամանած բժիշկների` վնասվածքաբանների և պլաստիկ վիրաբույժների  և տեղի մասնագետների հետ քննարկվել են տղաների արտերկրում բուժօգնության կազմակերպման արդյունավետությունը, հնարավորությունը, կլինիկաների ընտրությունն ու ժամկետները: Արտերկրի առաջատար մասնագետներին են ներկայացվել զինծառայողների բժշկական փաստաթղթերը: Ուղիղ կապ է հաստատվել նաև Համբուրգի հայազգի մասնագետների հետ: Քննարկմանը միացավ նաև Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը: Զինծառայողների առողջական վիճակին տեղում ծանոթանալու նպատակով` խորհրդակցությունից անմիջապես հետո գերմանացի բժիշկների խումբը կայցելի բժշկական հաստատություններ`  ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալ, ՀՀ ԱՆ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական, ինչպես նաև «Էրեբունի» բժշկական կենտրոն: Հիշեցնենք, երկու վիրավոր զինծառայողների՝ արտերկրում բուժում ստանալու մասին դիմում-նամակ էր ներկայացրել «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը. «Էրեբունի հիվանդանոցում պառկած վիրավոր 19-ամյա երկու զինվորներ Ռուբեն Առաքելյանն ու Արման Լազգիյանն ունեն ողնաշարի 4-րդ ողի հետ կապված շատ ծանր վիրավորում և ինչպես ասել է Մուրացանի հոսպիտալի պետ պարոն Ասատուրյանը՝ «որի վերականգնման ինստիտուտը Հայաստանում դեռ բարձր զարգացում չի ապրում»։