Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գազի էժանացումը բերելու է նաև էլեկտրաէներգիայի սակագնի իջեցման (տեսանյութ)

Տնտեսություն
Arcvik-Minasyan-nkar

«Մենք ոչ միայն հիմնված ենք միջազգային կազմակերպությունների, այլ նաև տեղական ներուժի վրա։ Որևէ ջանք չպետք է խնայել ՏՏ ոլորտի էլ ավելի զարգացման ուղղությամբ»,-լրագրողների հետ զրույցում այսօր ասաց Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը։ Նա մասնակցում էր «4-րդ ինդուստրիալ հեղափոխություն՝ ուղի դեպի արդյունավետ և ինովացիոն կառավարում» համաժողովին։ Նա շեշտեց, որ ՏՏ ոլորտի շրջանակներում կենտրոնական հարցերից մեկը ռազմարդյունաբերությունն է և առաջին ներդրումը հենց այդտեղ պետք է ապահովվի։ Խոսելով տնտեսության ոլորտի այլ հարցերից՝ պարոն Մինասյանն անդրադարձավ մեծաքանակ թուրքական ապրանքների ներկրման խնդրին, ինչը հասարակության մի հատվածի համար դժգոհության առիթ է։ Նա նշեց, որ ուսումնասիրություն է կատարվում այդ ապրանքների մասով։ «Պետք է մեխանիզմներ մշակել, որը թույլ կտա ավելի էժան լոգիստիկ ծախսումների միջոցով իրացվելի դարձնել տեղական արտադրությունը, ապրանքներն ու ծառայությունները երրորդ երկրներում»։ Հարցին՝ թուրքական ապրանքների ամբողջական արգելքի անհրաժեշտություն կա՞, նախարարն ասաց. «Արգելք արտահայտությունը շատ կոշտ է ասված։ Խոսքը գնում է այնպիսի մեխանիզմների գործադրման մասին, որը թույլ կտա տեղական արտադրանքի իրացման մեծ հնարավորություն ունենալ։ Արգելք կարող  է կիրառվել այն ապրանքների վրա, որոնք անվտանգության խնդիր են հարուցում։ Դրանք կարող են վերաբերել թե սննդամթերքին, թե այնպիսի ապրանքների, որոնք կարող են մեր քաղաքացիների կյանքին, առողջությանը վտանգ սպառնալ։ Այս պահին դեռ չունենք այդպիսի իրավիճակ։ Կարող է լինել նաև որոշակի սահմանափակումների կիրառում, օրինակ՝ կապված սերտիֆիկացիայի հետ։ Որևէ մեկի մտքով այս պահին չի անցնում արգելել թուրքական ապրանքների մուտքը։ Միայն խոսում ենք մեր տնտեսությունը և  սպառողին անվտանգ դարձնելու մասին»։ Էկոնոմիկայի նախարարը շեշտեց, որ կարող են պահանջել նաև ԵՏՄ այլ երկրներից այնպիսի գործողությունների ձեռնարկում, որոնք կբացառեն հայկական շուկա ԵՏՄ տարածքից ոչ անվտանգ ապրանքերի մուտքը։ «Ա1+»-ի դիտարկմանը, թե նախորդ շաբաթ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները կառավարության մոտ պնդում էին, որ Արծվիկ Մինասյանը եղել է գործարանում, իսկ օրեր անց տեղեկատվություն եղավ, որ գործարանի 450 աշխատակից ազատված է, նախարարն ասաց. «Ես չգիտեմ՝ ով է նման տեղեկատվություն տարածել և չեմ ուզում այդ թեմայով հիմա խոսել։ Ես մնացել եմ նույն կարծիքին. իմ ջանքերը գործադրելու եմ, որպեսզի մենք ունենանք «Նաիրիտ»-ը։ Ես ոչինչ չունեմ ասելու այդ թեմայով, որովհետև առնչություն չունեմ»։ Իսկ գազի սակագնի նվազման վերաբերյալ պարոն Մինասյանն ասաց. «Գազի գնի իջեցումը դրական ազդեցություն կունենա տնտեսության վրա։ Եվ բնականաբար, գազի գնի իջեցումը բերելու է նաև էլեկտրաէներգիայի սակագնի իջեցման»։