Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արցախի ճանաչումը խնդիրը կտեղափոխի այլ հարթություն» (տեսանյութ)

Քաղաքականություն
Diana-nkar-Aleksandr-Markarov

«Խնդիրն այն է, թե ադրբեջանական կողմից բարձր ինտենսիվությամբ կրակոցները մինչև ուր կարող են  հասնել: Բարձր ինտենսիվությամբ, բայց ադրբեջանական կողմի համար առանց առաջխաղացման գործողությունները, ուղղակի կրակոցների տրամաչափը մեծացնելով ՝ Ադրբեջանին ոչ մի արդյունք չի բերելու, իսկ հայկական կողմին ևս մեկ անգամ դա ապացուցելու է, որ Ադրբեջանին բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու հիմք չկա»,-շեշտում է քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը՝ խոսելով ղարաբաղյան խնդրի կարգավորման և ապրիլյան իրադարձություններից հետո ստեղծված իրավիճակի մասին: Քաղաքագետի կարծիքով՝ ակնհայտ է նաև, որ հայկական կողմի դիրքորոշումը միջազգային հանրության նկատմամբ կոշտացել է: Սակայն այս պարագայում, ըստ  պարոն Մարկարովի՝ պետք է ոչ թե ստեղծված իրավիճակի մեղավորներ փնտրել, այլ  փորձել  գտնել կառուցողական սցենարներ: «Մյուս կողմից էլ  պետք է  հաշվի անենք, որ Ադրբեջանը  կարող է այնքան զզվեցնել Մինսկի խմբի համանախագահողներին, որ նրանք կարող են և պաշտոնական և կիսապաշտոնական օղակներով հասցնել Ադրբեջանին, որ նման պայմաններում իրենք չեն կարող երաշխավորել, որ հայաստանյան կողմը չի դիմելու ծայրահեղ քայլի՝ Ղարաբաղի ճանաչմանը: Բայց այստեղ էլ պարզ է, որ ճանաչումը չի բերելու հակամարտության կարգավորմանը, այլ այն կտեղափոխվի այլ հարթություն»,-նշեց Ալեքսանդր Մարկարովը: Առաջիկա օրերի ընթացքում կարո՞ղ ենք կանխատեսել Ադրբեջանի կողմից իրավիճակի լարման հերթական փորձ՝ հաշվի առնելով մայիսյան տոնական օրերը: «Ա1+»-ի հարցին ի պատասխան քաղաքագետը նշեց. «Նաև պաշտոնական տեղեկատվություն է հաղորդվում այն մասին, որ Ադրբեջանը կուտակում է ավելի մեծ մարտական ուժեր,իսկ դրա նպատակը հասկանալի է: Մայիսի 8-ին լույսի 9-ին  նրանք  հոգեբանական առումով սկսելու են կրկին  իրենց մարտական գործողությունները, թե չէ՝ դժվար թե կարելի է հստակ ասել, քանի որ  դա նաև հաշվարկի խնդիր է:  Սկսել գործընթաց և մայիսի 9-ին ևս մեկ անգամ ունենալ պարտություն, դժվար թե մտնում է Ադրբեջանի ծրագրերի մեջ: Նրանք պետք է վստահ լինեն, որ հասնելու են հաջողության, իսկ դա որևէ մեկը չի կարող երաշխավորել, այդ թվում նաև չորսօրյա պատերազմը նրանց համար բացարձակ երաշխիք չէ , որ  դա կարող է դրական ազդեցություն ունենալ ադրբեջանական ասկյարական-իսիլական ուժերի համար»: Այս օրերին Ղարաբաղում է գտնվում նաև առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Վերջինս հանդիպել է նաև ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: Ինչ է նշանակում այս հանդիպումը  և ինչ ենթատեքստ ունի այդ այցը, եթե հաշվի առնենք նաև, որ շուրջ մեկ ամիս առաջ Լևոն Տեր-Պետրոսյանը նմանատիպ հանդիպում էր ունեցել նաև Սերժ Սարգսյանի հետ: «Ա1+»-ի այս հարցին  քաղաքագետը պատասխանեց. «Հանդիպումների շղթան, որը սկսվել է անցյալ ամիս, ունի իր տրամաբանությունը, այսինքն ծանոթանալ իրավիճակին: Վերջ ի վերջո պետք է հասկանանք, որ առաջին նախագահը հանդես է գալիս այն քաղաքական ուժի ֆորմալ կամ ոչ ֆորմալ ղեկավարը, որն ունի խորհրդարանական ներկայացուցչություն: Ինքը հանդես է գալիս նաև այն մարդը, ով ունի իր  հետաքրքրությունը ներքաղաքական կյանքում: Գուցե այս տրամաբանության շրջանակներում մենք կարող ենք դիտարկել այդ հանդիպումները, որոնք տեղի են ունեցել վերջին ժամանակաշրջանում»,-ասաց նա և հավելեց. «Իրավիճակի հետ ծանոթանալը, սեփական փորձով կիսվելը՝ անկախ այն հանգամանքից, թե  այդ փորձը դրական թե բացասական է եղել, փորձի փոխանակումը և իրավիճակին տեղեկացված լինելը, որևէ մեկը չի ժխտում, որ այն առկա է Լևոն Տեր-Պետրոսյանի մոտ»: