Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արարատյան դաշտում ամառը սկսվել է (տեսանյութ)

Հասարակություն
exanak

Մայիս ամսին Հանրապետությունում միջին ջերմաստիճանը եւ ամսական տեղումների քանակը նորմային մոտ կլինեն. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տվյալներ հայտնեց ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը: Նրա խոսքով՝ այս տարվա մայիսը, կանխատեսումների համաձայն, պետք է որ նման լինի 2015 թվականի մայիսին: Տիկին Պետրոսյանը նշեց, որ, դատելով մայիսի միջին ջերմաստիճանից, կարելի է ասել, որ Արարատյան դաշտում արդեն ամառ է. «Երբ միջին օրական ջերմաստիճանը անցնում է 15 աստիճանից, համարվում է ամռան սկիզբ: Սովորաբար Արարատյան դաշտում ամառը սկսվում է մայիսի առաջին տասնօրյակում,  եւ այս տարվա համար, կարելի է ասել, Արարատյան դաշտում կլիմայական՝ ոչ օրացուցային, ամառը սկսվել է»,-ասաց նա՝ հավելելով, որ երեկ գրանցվել է 16 աստիճան տաքություն: Մասնագետի խոսքով՝ բարձր ջերմաստիճանը որեւէ վտանգ չի ներկայացնում գյուղատնտեսության համար. «Օրական միջին ջերմաստիճանի շեղում չկա, մանավանդ որ տեղումներ նույնպես կան: Պարզապես կարող են անձրեւները մի փոքր խանգարել վարուցանքին, ծառերի սրսկմանը եւ այլն, սակայն այդ տեղումները համատարած եւ առավոտից երեկո չեն դիտվելու»,-եզրափակեց նա: