Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը մասնակցեց Գրքի միջազգային ցուցահանդեսին

Քաղաքականություն
nkar2

Ապրիլի 21-ից մայիսի 6-ը Բուենոս Այրեսում ընթացող գրքի 42-րդ Միջազգային ցուցահանդեսի շրջանակներում, որտեղ 40-ից ավելի երկրների թվում առանձին տաղավարով ներկայացված է նաև Հայաստանը, մայիսի 1-ին ավանդաբար նշվեց Հայաստանի Հանրապետության օրը: Արգենտինայում ՀՀ դեսպանության հովանավորությամբ և Արգենտինայի «Հայ կենտրոնի» օժանդակությամբ ցուցահանդեսի «Խոսե Էրնանդես» սրահում կայացավ օրվա կենտրոնական ձեռնարկը, որին ներկա էին ավելի քան 1500 հանդիսականներ: Բացման խոսքով հանդես եկավ Արգենտինայում ՀՀ դեսպան Ալեքսան Հարությունյանը: Իր ելույթում դեսպան Ա. Հարությունյանը, անդրադառնալով գրքի և գրականության նկատմամբ հայ ժողովրդի ունեցած վերաբերմունքին, նշեց. «Գրքի նկատմամբ ունեցած պաշտամունքի և անսահման սիրո առումով Հայաստանյայց առաքելական եկեղեցու տոնացույցում իր արժանվույն ու բարձր տեղն ունի Սրբոց Թարգմանչաց և վարդապետացն մերոց տոնը, որը խորհրդանշում է Աստվածաշնչի առաջին հայերեն թարգմանությունը, թարգմանչաց շարժումն ու հայ դպրության սկիզբը։ Աշխարհում քիչ են այն ժողովուրդները, որոնք մեծ նշանակություն են տվել թարգմանիչներին և թարգմանությանն ընդհանրապես: Սա ևս մեկ անգամ ընդգծում է մեր ժողովրդի մշտական ձգտումը՝ ճանաչել շրջապատող աշխարհը, հաղորդակից լինել այլ ժողովուրդների արժեքներին ու ձեռքբերումներին, և իհարկե ներկայացնել նաև իր հարուստ ժառանգությունը»։ Միջոցառման գեղարվեստական հատվածում հանդես եկան արգենտինահայ մտավորականներ, «Մասիս», «Նարեկ», «Նաիրի» և «Գայանե» պարախմբերը, որոնց ելույթներն արժանացան հանդիսատեսի ջերմ ընդունելությանը: