Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Պատերազմի առաջին զոհը ճշմարտությունն է» (տեսանյութ)

Քաղաքականություն
mamul

Պատերազմի ժամանակ մեծ հաշվով տուժում է նաև լրագրությունը: Ապրիլյան իրադարձությունների ժամանակ առաջնագծում աշխատած լրագրող Թաթուլ Հակոբյանի կարծիքով՝ պատերազմի առաջին զոհը ճշմարտությունն է: «Լինելով ռազմական գործողությունների մոտ գտնվող վայրերում՝ դու չես կարող ամբողջությամբ ինֆորմացիա տալ՝ բազմաթիվ պատճառներով: Դու հասկանում ես, որ դու աշխատում ես մի վայրում, որ քո նյութը կարող է պատճառ դառնալ մի  կամ տասնյակ ընտանիքների տագնապի: Օրինակ, եթե դու տեսնում ես, որ Թալիշում զոհ կա, բայց դեռ պաշտոնական տեղեկատվություն չկա դրա մասին և առաջինը դու ես դա գրում՝ առանց անուն ազգանուն ասելու, այդ պահին դու կունենաս հարյուրավոր դիտումներ, հազարավոր կարդացողներ, բայց դու տառապանք ես պատճառում բոլոր այն  ծնողներին, այն մարդկանց, որոնց զավականերն այդ պահին Թալիշում են: Այդ պահին դու պետք է լրագրությունը զոհես՝ հասկանալով, որ մարդիկ կարող են այդ պահին դժոխային պահեր անցկացնել»,-«Ա1+»-ի հետ զրույցում շեշտեց Թաթուլ Հակոբյանը: Ռազմական գործողությունների լուսաբանման կամ հրապարակման ժամանակ, բնականաբար, կան սահմանափակումներ, սակայն միշտ չէ, որ  դա  հանրօգուտ է: Փորձագետների համոզմամբ՝  միայն պաշտոնական տեղեկատվությունը չէ, որ պետք է գերիշխի: «Լրագրողների խնդիրն է նաև  չդառնալ գործիքը պաշտոնական քարոզչության և տալ միայն այն, ինչ-որ հաղորդում  են պաշտոնական լրատվամիջոցները, պատերազմների ժամանակ  չպետք է դառնալ այդ մամուլի հաղորդագրությունների զոհը, այլև փորձել գտնել ոսկե միջինը, այսինքն տալ նաև այլընտրանքային ճիշտ ինֆորմացիա»,-նշեց Թաթուլ Հակոբյանը: Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել  Մարտիրոսյանն էլ  կարծում է, որ լրագրողի կողմից ամեն ինչ պետք է ազատ լինի: «Նույնիսկ օրենքը ինչ-որ առումով ենթադրում  է, որ այն սահմանափակումները, որոնք կիրառվում են տեղեկատվության տարածման վրա՝ կապված գաղտնի տեղեկատվության հետ, նույնիսկ այդ դեպքում լրագրողը իրավասու է  որոշակի գաղտնի տեղեկատվություն տարածելու, եթե համարում  է, որ հանրային շահից ելնելով այդ տեղեկատվության տարածումն  ավելի կարևոր է, քան գաղտնիությունը, որովհետև վերջ ի վերջո պետությունը կարող է գաղտնիացնել այնպիսի բաներ, որոնք չպետք է լինեն գաղտնի: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ դա շատ տարածված պրակտիկա է»,-ասում է պարոն Մարտիրոսյանը: Պատերզմական վիճակ լինի, թե սովորական, մամուլը պետք է լինի ազատ,-ասում է  Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի Media.am կայքի խմբագիր Գեղամ Վարդանյանը ու  նաև շեշտում` անկախ իրավիճակից լուրը պետք է լինի օբյեկտիվ և ճշտված: Այս համատեքստում վերջինս նաև նկատում է. «Լրագրողները պետք է տեղյակ լինեն, թե ռազմական գաղտնիքը որն է, ինչի մասին գրեն, ինչի մասին չգրեն, ավելի ուշադիր լինելու խնդիր է և գուցե ավելի սերտ զինվորականների հետ աշխատելու խնդիր է, որպեսզի նման սխալներ չլինեն: Գրաքննություն ընդհանրապես պետք չի, ինքնագրաքննություն կա, բայց ես դեմ եմ ինքնագրաքննությանը»: Երևանի մամուլի ակումբի փոխնախագահ Ավետ Դեմուրյանն էլ իր հերթին հավելում  է. «Պատասխանատվությունը պետք է կրի ոչ միայն լրագրողը, այլև այն անձը, ով տրամադրում է այդ ինֆորմացիան, խոսքը վերաբերում է  օրինակ մամուլի ծառայություններին: Եթե զգում են, որ չափված- ձևված ինֆորմացիա է, այդ ժամանակ դա կարելի է մատուցել, բայց ուրիշ դեպքերում՝ չի կարելի»: Պարոն Դեմուրյանի կարծիքով՝ պատերազմական վիճակում, ինքնագրաքննություն անպայման պետք է լինի՝ թե լրագրողի, թե խմբագրի կողմից: «Գրել պետք է պատասխանատու, պետք է հասկանալ, որ քո հեռուստահաղորդումը, գիրքը, թերթը, ամսագիրը նաև թշնամին է կարդում և նայում»,-ընդգծում է նա: Ինֆորմացիոն հոսքերի զգալի տարբերություն կա՝ ղարաբաղյան պատերազմի 90-ական թվականների և ներկայիս միջև: Ըստ փորձագետների՝ այժմյան  լրահոսը գերադասելի է, սակայն  ինֆորմացիոն դատարկությունը շատ դեպքերում  ոչ հավաստի լուրերով լրացնելու խնդրից խուսափելու համար  կոնկրետ չոփորոշիչներ պետք է լինեն: «Հենց որ գրաքննությունը սկսի մտնել ընդհանուր բաներով, այլ ոչ թե կոնկրետ, ապա դրանից ավելի շատ կսկսեն օգտվել ոչ թե կոնկրետ ռեալ կռիվ անողները սահմանին, այլ նրանք, ովքեր փորձում են դա ինչ-որ ձևով  ի շահ իրենց  օգտագործել: Դրա համար, եթե բանակը ուզում է, որ ավելորդ բաներ չխոսվեն, ապա բանակը պետք է անընդհատ խոսի, հենց որ բանակը լռում է, սկսում են խոսել մյուսները»,-ընդգծում է Սամվել Մարտիրոսյանը: Վերջինս կարծում է, որ մեր երկիրը չի կարող շարժվել ադրբեջանական  օրինակով, որտեղ բանակի մասին ցանկացած ինֆորմացիա հույժ գաղտնի է, իսկ հրապարակողները՝ ազգի դավաճան: