Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պլետնյովը Երևանում կկատարի Բախ, Մոցարտ, Գրիգ (տեսանյութ)

Մշակույթ
pletnyov

«Ինչ խոսք, այսօր, ցավոք, խոսում ենք առավել ռազմական, պաշտպանական հարցերի մասին, սակայն չմոռանանք, որ մշակույթը ևս ստրատեգիկ ոլորտ է երկրի համար, և պետք է մտածենք մշակույթը պահպանելու և զարգացնելու մասին: «Երևանյան հեռանկարներ» փառատոնի նշաձողը բարձր է: Գեղարվեստական որակական չափանիշների պատասխանատուն փառատոնի հիմնադիր Ստեփան Ռոստոմյանն է և Հայաստան հրավիրվող երաժիշտները և կամ երաժշտական կազմերն այսօր աշխարհում ամենամեծ համբավ վայելողներն են, լավագույններն են»,- ասում է փառատոնի գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանը: Աշխարհի ամենահայտնի դաշնակահարներից  մեկը, նաև դիրիժոր և կոմպոզիտոր Միխայիլ Պլետնյովն առաջին անգամ ելույթ կունենա հայ հանդիսատեսի համար «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում՝ մայիսի 10-ին Արամ Խաչատրյան համերգասրահում: Ռուսական դաշնամուրային դպրոցի վառ ներկայացուցիչ, ֆենոմենալ այս երաժիշտը 13 տարեկանում ընդունվել է Մոսկվայի կոնսերվատորիային կից դպրոց։ Ուսանել է Յակով Ֆլիերին, որին ռոմանտիզմի ասպետ էին անվանում: Չայկովսկու անվան վեցերորդ միջազգային մրցույթում արժանացել է ոսկե մեդալի: Ելույթներ է ունեցել ամենանշանավոր նվագախմբերի և դիրիժորների հետ:  Հիմնադրել է Ռուսաստանի ազգային նվագախումբը, որն այսօր հայտնի է աշխարհում: «Որպեսզի հայ հանդիսատեսը կարողանա վայելել բարձրարժեք արվեստ, «Երևանյան հեռանկարների» պրոֆեսիոնալ անձնակազմը մեծ աշխատանք է կատարում: Պլետնյովին Երևան բերելն էլ բավական երկար գործընթաց էր»,- ասում է Սոնա Հովհաննիսյանը: «Նախ որ նրա համերգային գրաֆիկը շատ խիտ է: Եվ երկրորդ, որ նվագում է բացառապես Kawai ապրանքանիշի գործիքով : «Մենք երբևէ չենք քննարկում այս կարգի երաժիշտների ցանկություններն ու չենք դիտարկում որպես քմահաճություն, քանի որ գործ ունենք բարձր կարգի և մեծ վաստակ ունեցող պրոֆեսիոնալների հետ: Եթե նման հարցեր են առաջ գալիս, դրանք բխում են միմիայն նրանց որակական հատկանիշներից, որոնք նրանք ապացուցում են համերգներին, և մենք չենք ափսոսում մեր գործադրած ջանքերի համար: Համերգի կազմակերպիչները նախատեսում են նաև ստեղծագործական հանդիպում Պլետնյովի հետ Բյուրականի արվեստի ակադեմիայում, նաև վարպետության դասընթաց, սակայն քանի որ համերգի հաջորդ օրն իսկ դաշնակահարը պետք է մեկնի, այս ծրագիրն առայժմ ստույգ չէ: Ստույգ է այն, որ գեղեցիկ ծրագիր է սպասվում այս մենահամերգին: Բախ, Մոցարտ, Գրիգ: «Երևանյան հեռանկարներ» փառատոնի համերգներն ինչ խոսք սպասված  են»,-ասում է Սոնա Հովհաննիսյանը: Այս վերջին տարիներին միանշանակ աճել է հետաքրքրությունը դասական համերգների հանդեպ, ձևավորվել է կիրթ և ձևավորված լսարան և Արամ Խաչատրյան համերգասրահի 1000 տեղը բնավ չի բավարարում: