Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Նաիրիտ» գործարանի 460  աշխատակից կազատվի աշխատանքից

Հասարակություն
nairit-2

«Նաիրիտ» գործարանի 460 աշխատակից աշխատանքից ազատվելու ծանուցագիր է ստացել: Ինչպես «Ա1+»-ի հետ զրույցում նշեց «Նաիրիտ» գործարանի արհկոմի նախագահ Հրաչ Թադեւոսյանը, բոլոր աշխատակիցները, այդ թվում՝ նաեւ գործարանի ղեկավարությունը, ծանուցագրեր են ստացել աշխատանքից ազատվելու համար:  Ծանուցագրերում տեղեկացվում է, որ հուլիսի 1-ից նրանք ազատվելու են աշխատանքից: «Հիմնավորման մեջ նշված է, որ արտադրական ծավալները կրճատվել են: Ի վերջո քանի հոգու կազատեն աշխատանքից՝ դեռ պարզ չէ: Երեւի ինչպես նախորդ տարի կրճատեցին, հետո նորից ընդունեցին աշխատանքի, կարծում եմ՝ այդպես կլինի: Բայց դեռ ոչինչ պարզ չէ»,- ասաց «Նաիրիտ»-ի արհկոմի նախագահը: Նա միաժամանակ տեղեկացրեց, որ այսօր աշխատանքներ են տարվում ռուսական ընկերություններից մեկի հետ, ծրագրեր են մշակվում, բայց պաշտոնական դեռ ոչինչ չկա: Հիշեցնենք, որ գործարանը արդեն երկար տարիներ է արտադրանք չի տալիս: Իսկ քիմիական երբեմնի հսկա «Նաիրիտ» գործարանի մոտ 1700 աշխատակիցներն արդեն նախորդ տարվա  փետրվարի 6-ից ազատվել են աշխատանքից: