Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բրազիլիայում ճգնաժամ է, բայց երկիրը պատրաստ է օլիմպիական խաղերին. դեսպան

Սպորտ
sport-olimpiada

Հայաստանում Բրազիլիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն անչափ հպարտ է, որ 2016 թվականի ամառային օլիմպիական խաղերը տեղի են ունենալու Ռիո դե Ժանեյրոյում: «Սա առաջին դեպքն է, որ օլիմպիական խաղերը կայանալու են Հարավային Ամերիկայում: Դա արդեն իսկ պատմական փաստ է Բրազիլիայի համար»: Դեսպանը համոզված է, որ իր երկիրը լիովին պատրաստ է Ռիո-2016-ի խաղերին, չնայած եղած մի շարք խնդիրներին: «Այժմ Բրազիլիայում քաղաքական ճգնաժամ է եւ մայիսի 12-ին հնարավոր է նախագահը վեց ամսով դադարեցնի իր լիազորությունները, ստեղծվի նոր կառավարություն: Հայտնի է, որ Ռիո դե ժանեյրոյի որոշ թաղամասերում այնքան էլ անվտանգ չէ: Բացի այդ լուրջ խնդիր է նաեւ զիկա վիրուսը, որը բավականին տարածված էր որոշ շրջաններում: Սակայն Բրազիլիայի կառավարությունն ու օլիմպիական խաղերի կազմակերպիչներն ամեն ինչ արել եւ անում են այդ խնդիրները լուծելու համար: Եթե խոսենք թվերով, ապա Բրազիլիան արդեն 98 տոկոսով պատրաստ է անցկացնելու օլիմպիական խաղերը»: Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն Ռիո մեկնողներին ավելի շատ խորհուրդ է տալիս մտածել տաք հագուստի մասին. «Օգոստոս ամսին մեզ մոտ ձմեռ է, ուստի հարկավոր է երկարաթեւ եւ տաք շորեր ունենալ ձեռքի տակ: Ուրիշ այլ խնդիրներ դժվար թե ունենան մասնակիցներն ու հյուրերը»: Բրազիլացի դեսպանին մտահոգում է միայն այն հարցը, որ Հայաստանի եւ Բրազիլիայի միջեւ չի զարգանում զբոսաշրջությունը: «Պաշտոնապես հայտնի չէ, թե քանի զբոսաշրջիկ է Հայաստանից գնում Բրազիլիա եւ, հակառակը: Օրինակ, 2014 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը դիտելու համար Հայաստանից հայտ էին ներկայացրել 50-60 ֆուտբոլասեր: Հարցը նրանում է, որ Հայաստանում ասում են, որ թանկ են բրազիլական տուրերը: Նույնը նշում են նաեւ իմ հայրենակիցները», - եզրափակեց Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն: