Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ունենք մեծ պոտենցիալ, չունենք բանալիներ». ազատամարտիկ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
Diana-nkar-gevorg-gevorgyan

Իդեալական չէ աշխարհի  ոչ մի բանակ, իսկ թերությունները շտկելու համար ժամանակ է հարկավոր: Արցախյան ազատամարտի մասնակից Գևորգ Գևորգյանը չի ցանկանում խոսել քառօրյա պատերազմում  հայկական  կողմի  թույլ տված սխալների կամ թերությունների մասին: Նրա համար դա նաև մի փորձություն էր, որտեղ հայ ժողովուրդը ցույց տվեց իր միասնականությունը՝ արտաքին վտանգի ժամանակ: «Մենք իրականում ունենք բավականին սթափ, ռեալ, գիտակցող և իրավիճակը ռեալ գնահատող սպայական անձնակազմ: Մենք ունենք 18 տարեկան զինվոր, որի երակների մեջ պապենական արյուն է, որը մարտական  ոգի է և ինքն ամբողջությամբ պատրաստի մարտիկ է: Բնականաբար, կան և թերություններ, որը 5, 10, նույնիսկ 20 տարվա ընթացքում հնարավոր չէ  շտկել»,-«Ա1+»-ի հետ զրույցում նշեց Գևորգ Գևորգյանը: Ստեղծված իրավիճակն  ազատամարտիկին հիշեցնում էր դեռևս 90-ական թվականները, երբ ագրեսոր  հակառակորդից  պաշտպանվելու համար  ձևավորվեցին ֆիդայական ջոկատներն ու սկսվեց ղարաբաղյան շարժումը: «Փոփոխությունը միայն այն է, որ  խորհրդային  ժամանակվա  սերունդը, որը մեր դեմ  էր մարտնչում, իրենք քիչ թե շատ իրենց պատմությանը ծանոթ էին՝ գիտեին, որ իրենք ագրեսոր են, գիտեին իրենց պատմությունը, թե իրականում ինչ ազգ են, թե ինչ պետություն ունեն ու երբվանից ունեն այդ պետությունը, բայց 1994թ-ին իրենց խնդրած զինադադարից հետո իրենք փորձել են մեծ քայլերով իրենց պատմությունը փոխել ու ներկայիս երիտասարդությանը սերմանել  այն, ինչ-որ իրենք ցանկանում են:Այսօր  այդ նույն երիտասարդությունը,  եթե իրականում հասկանա, որ այն ինչ իրենց սովորեցրել են՝ սուտ է եղել, ես վստահ եմ, որ շատ-շատերը դեմ կլինեն պատերազմին»: Այնպիսի տարածաշրջանում ենք ապրում, որ յուրաքանչյուր պահի պետք է պատրաստ լինենք  զարգացումների,-ասում է Գևորգյանը: Իր հիմնադրած մարտարվեստի դպրոցում էլ   երիտասարդներին ուսուցանում են  հասկանալ նաև հակառակորդի ռազմավարական մտածելակերպի փոփոխությունները, ծանոթանալ  զինատեսակներին ու դրանց կիրառմանը: «Ունենալով  ծովից  ծով  Հայաստան, ունենալով Մեծ Հայք, մենք չէինք կարող չունենալ մարտարվեստներ: Ներկա դրությամբ ՝ դա նոր ձևով, յուրովի ձևով է տրվում:  Այս դպրոցում մարդիկ տարբեր վարժանքների միջոցով կարողանում են զարգացնել առաջին հերթին իրենց մտավոր ունակությունները, զարգացնել և ամրացնել իրենց մարմինը, միևնույն ժամանակ բելել  իր ճանաչումը իր տառերի և մշակույթի հետ ու  այդ մշակույթն արտացոլվում է հենց մարտարվեստի մեջ»,-ընդգծում է  պարոն Գևորգյանը: Վերջինիս հավաստմամբ՝ մարտարվեստի մշակույթը  երիտասարդներին փոխանցելու նպատակը ոչ միայն նրանց մտավոր և ֆիզիկական պատրաստվածությունը բարձր մակարդակի բերելն է, այլև զարգացնել պետական մտածողությունը ՝ հաշվի առնելով  մեր տարածաշրջանային խնդիրները: Այս համատեքստում նա նշում է. «Մենք այս ապրիլյան չորսօրյա պատերազմի ժամանակ սթափ տեսանք, որ իրականում ոչ թե ազգը պետք է կամաց-կամաց  դառնա բանակ, այլ բոլորս մի զինվոր էինք: Իրականում դա մեր մեջ կա, դա մեր մեջ նստած է, բայց դա պետք է արթնանցնել ու արթնացնել հենց մեր մեթոդանբանությամբ, որովհետև մենք իրականում մեծ պոտենցիալ ունենք և  դա գիտակցում ենք , բայց մենք դրա բանալիները չունենք: Այս համակարգը հենց այդ բանալիներն են, որը մեր գրի մեջ է, մեր մեսրոպյան տառի մեջ է»: Գևորգյան մարտարվեստի դպրոցը գործում է արդեն 5 տարի: Այստեղ սովորում են թե իգական, թե արական սեռի ներկայացուցիչներ՝  5-ից մինչև 70 տարեկան: Տեսական և գործնական դասընթացներից  բացի, անցկացվում են նաև դաշտային պարապմունքներ: