Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ստվարաթղթե տանկի գործը կքննի դատավոր Գագիկ Պողոսյանը

Հասարակություն
artak-gevorhyan

Ստվարաթղթե տանկով ԱԱԾ շենքի դարպասներին հարվածելու   գործը կքննի Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը: Գործով մեղադրյալը՝  Արտակ Գեւորգյանը, դեկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը իր սարքած ստվարաթղթե կանաչ տանկով ակցիա էր արել քաղաքում՝ հայտնելով իր դժգոհությունը Սահմանադրական հանրաքվեի հետ կապված։ Արտակն իր ստվարաթղթե փոխադրամիջոցով՝ « կանաչ տանկով», գնացել էր Կենտրոնական ընտրական հանձնաժողով, Սահմանադրական դատարան, Բաղրամյան 26, Ազգային անվտանգության ծառայության շենք, այնուհետեւ  իր տանկը ջարդել էր  ԱԱԾ-ի շենքի դարպասներին: Ըստ մեղադրական եզրակացության՝  անպատժելիության մթնոլորտ ստեղծելով, դրանով իսկ սեփական անձի ենթադրյալ առավելությունն ընդգծելով՝ 2015թ. դեկտեմբերի 10-ին, ժամը 01.30-ի սահմաններում Արտակ Գեւորգյանն իր կողմից պատրաստված ստվարաթղթե հրասայլով դիտավորությամբ հարվածել է Երևան քաղաքի Նալբանդյան փողոցի թիվ 104 հասցեում գործող` ՀՀ ԿԱ ԱԱԾ-ի վարչական շենքի երկաթե դարպասներին և նման ձևով կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որն արտահայտվել է ԱԱԾ շենքում պահպանության ծառայություն իրականացնող աշխատակիցների բնականոն գործունեությունը խաթարելով և նրանց մոտ գույքի պահպանության կապակցությամբ վախի զգացում առաջացնելով: Եթե խուլիգանության մեղադրանքը հաստատվի, Արտակը կարող է պատժվել ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը վեց ամիս, կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ էլ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: