Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պաշտոնյաներին նամակ գրելուց հետո զինծառայողի մոտ ախտորոշվել է շիզոֆրենիա

Հասարակություն
marat-samiryan

Մոտ  մեկ տարի է՝ նախկին զինծառայող Մարատ Շամիրյանը զրկված է աշխատանքից:  ՊՆ Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի  եզրակացությամբ՝ նրա մոտ ախտորոշվել է շիզոֆրենիա՝ պարանոյիդ ձեւ, ուստի հնարավոր չէ ընդունել պարտադիր զինվորական ծառայության: 34-ամյա Մարատ Շամիրյանը նշում է՝ 4 տարի 9 ամիս ծառայել է հսկիչ անցագրային կետում,  իրեն կցագրված է եղել զենք-զինամթերք եւ այդ ժամանակ հիվանդության մասին նույնիսկ խոսք չի եղել: «Ա1+»-ին դիմած  Մարատ Շամիրյանը հիշում է, որ խնդիրներն առաջացան այն բանից հետո,  երբ գործուղման ժամանակ վատ սննդի եւ պայմանների վերաբերյալ  բաց նամակ է գրել Սերժ Սարգսյանին եւ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: «Ես համոզված եմ, որ ոչ մի հանցանք,  մեղք չեմ գործել, քանի որ իմ վերադասին եմ դիմել»,- ասաց  նա: Մարատ Շամիրյանը պնդում է, որ պատրաստ է կրկնակի բուժհետազոտության ենթարկվել, միայն թե ապացուցվի, որ որեւէ հիվանդություն չունի: Մանկատան նախկին սանը հայտնվել է սոցիալապես վատ պայմաններում, չի կարողանում մարել նույնիսկ բանկերից վերցրած պարտքերը, որոնք հասնում են մոտ երկու միլիոն դրամի: Մարատ Շամիրյանը սումգայիթյան ջարդերի ժամանակ է տեղափոխվել Հայաստան, երկկողմանի ծնողազուրկ է, սակայն զինծառայության է գնացել իր սեփական կամքով: Այժմ իր նորաստեղծ ընտանիքի հետ ապրում է Էջմիածնում՝ պետության կողմից հատկացված բնակարանում: Մտավախություն ունի, որ  վարկերի պատճառով տնից էլ կզրկվի: «Այլ բան չի մնում, քան արտագաղթեմ, ոչ մի տեղ ինձ աշխատանքի չեն ընդունում»,- եզրափակեց նա: Սույն գործով հարցում ենք ուղարկել նաև Պաշտպանության նախարարություն։