Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բռնության դեպքերի հետևանքով անազատ ԶԼՄ-ների շարքում մնացինք (տեսանյութ)

Հասարակություն
mamuli-or-nkar

Ըստ «Ֆրիդոմ հաուս» կազմակերպության վարկանշային ցուցակի՝ Հայաստանը շարունակում է մնալ անազատ լրատվամիջոցներ ունեցող երկրների շարքում։ Այսօր՝ մամուլի ազատության համաշխարհային օրը, ևս մեկ անգամ այս փաստի մասին հիշեցրեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։ «Անցյալ տարի բռնության դեպքեր ենք ունեցել՝ հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում և դեկտեմբերի 6-ի հանրաքվեից հետո։ Դա բերեց նրան, որ մեկ նիշով հետընթաց ունեցանք և այժմ այդ ցանկում 63-րդ տեղն ենք զբաղեցնում։ Եթե չլինեին այդ դեպքերը, համոզված եմ, որ Հայաստանը կմտներ կիսաազատների շարք, իսկ հիմա դեռևս անազատների մեջ է»,-նշեց նա։ Խնդիր է նաև այն, որ լրատվամիջոցները հաճախ դժվարություններ են ունենում պետական մարմիններից տեղեկատվություն ստանալու հարցում։ «Կան խմբագրություններ, որ ասում են՝ դիմում ենք, մեզ չեն պատասխանում և ավելի լավ է՝ այլևս չդիմենք։ Սա ճիշտ ճանապարհ չէ. պետք է աշխատել այդ կառույցների հետ»,-ասաց պարոն Մելիքյանը։ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը կարծում է նաև, որ մեր Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքը բարելավման կարիք ունի։ «Պետք է փոխվի լիցենզավորման կարգը, որն արդեն հնացած է։ Դա համապատասխանում էր անալոգային հեռուստատեսությանը, բայց հիմա մենք անցում ենք կատարում թվայինին»։ Պարոն Մելիքյանը խոսեց նաև լրատվամիջոցների ֆինանսական խնդիրների մասին. «Կարծես խրոնիկական հիվանդություն է դարձել լրատվամիջոցների ծանր վիճակը։ Կա դեռևս հովանավորների խնդիր։ Որոշ հեռուստաընկերություններ էլ սպասարկում են այս կամ այն կուսակցության շահերը։ Շատ վատ է, որ մասնավոր հեռուստաընկերությունները դառնում են օրվա իշխանության խոսափողը»։ Ինչ վերաբերում է լրագրողների աշխատանքին, պարոն Մելիքյանի համոզմամբ՝ լրատվամիջոցներն ավելի շատ են, քան պրոֆեսիոնալ մասնագետները։ Նա կարևորում է դասընթացների և սեմինարների անցկացումը լրագրողների համար, որի դեպքում, սակայն, խնդիրներ են առաջ գալիս. «Երբեմն խմբագիրներն ասում են, որ երկու, երեք օրով չեն կարող թողնել աշխատակցին գալ, մասնակցել տվյալ միջոցառմանը։ Բայց նրանք պետք է հասկանան, որ դա շատ կարևոր է»։ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը ցավով արձանագրում է, որ այժմ թե որոշ խմբագիրների, թե որոշ լրագրողների կողմից չկա մեծ պահանջ՝ ավելի բարձր որակ ապահովելու այս դաշտում։