Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հնարավոր է՝ պարոն Բագրատյանը պահած բաներ ունի» (տեսանյութ)

Քաղաքականություն
igityan

ՀՀԿ պատգամավոր Արտակ Դավթյանի կարծիքով՝ շփման գծում Ադրբեջանի կողմից սանձնազերծած ագրեսիայի  պայմաններում պատային իրավիճակ է ստեղծվել, որն էլ թելադրող կլինի ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի երկխոսության ժամանակ: Լրագրողների հետ հանդիպմանը նրա ընդդիմախոս ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը նկատեց՝ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացն արդեն դադարեցվել է, ու դա արել է  Ադրբեջանը. «Սեղանին դրված բոլոր փաստաթղթերի հիմքում մեկ հանգամանք է եղել՝ բոլոր փաստաթղթերը խաղաղ իրավիճակ էին ենթադրում: Այսօր խոսել, թե ինչ փաթեթի շուրջ պետք է բանակցեն կողմերը, անհեթեթ է, քանի որ Ադրբեջանը միայն ռազմական ճանապարհով է ուզում հասնել հարցի լուծման՝ օգտագործելով թե զենք, թե միջազգային կազմակերպությունները»: Ինչ վերաբերում է Լեւոն Տեր-Պետրոսյան-Բակո Սահակյան հանդիպմանը, ապա պարոն Իգիթյանի կարծիքով՝ եթե նրանք բանակցային գործընթացի շուրջ պետք է խոսեն, ապա ենթարդրվում է, որ Բակո Սահակյանը կկրկնի իր նույն միտքը, թե ինչպես կարող ենք զսպել Ադրբեջանին, քանի որ վերջինս խախտել է բոլոր պայմանավորվածությունները. «Պատերազմի ժամանակ պատային իրավիճակների մասին չեն խոսում: Եթե խոսում ենք Մինսկի խմբի մասին, այնտեղ կոնստրուկտիվ առաջարկներ հնչում են արդեն: ԼՂՀ-ն միանշանակ պետք է բանակցային կողմ լինի, ու Լեւոն Տեր-Պետրոսյանը միշտ եղել է դրա կողմնակիցը»: Ո՞վ կսանձնի Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները, ըստ Արտակ Դավթյանի, միայն մենք. «Ու դա ցույց տվեցին շփման գծում վերջին իրադարձությունները: Ու նաեւ՝ տեղին-անտեղին խոսք է գնում փոխզիջումների մասին. մենք փոխզիջում արել ենք արդեն, երբ ԼՂՀ-ին մենք ենք ներկայացնում բանակցային գործընթացում: Դա, իհարկե, ժամանակավոր է ու երբ հակամարտությունը լուծվի, ապա առանց ԼՂՀ միջամտության դա աբսուրդ է: Մեր գործողությունները պետք է ինչքան հնարավոր է զգայականությունից զերծ լինեն»: Ինչ վերաբերում է ՌԴ կողմից Ադրբեջանին զենք վաճառելուն, Հովհաննես Իգիթյանը նկատեց. «ՌԴ-ն միջազգային հանրությանը PR է ներկայացնում մեր զինվորների արյան շնորհիվ»: Բանախոսներն անդրադարձան նաեւ ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանի հայտարարությանը, թե մենք ատոմային ռումբ ունենք: «Ադրբեջանական սայթրերում կարդում եմ, որ այդ հարցով Ադրբեջանը անգամ դիմել է Մագատեին: Պարոն Բագրատյանը պատգամավոր է, ու նա ազատ է  արտահայտելու իր միտքը: Դրա տակ առարկայական որեւէ բան չեմ տեսնում: Պատահական չէ, որ ադրբեջանցիները նման աղմուկ են բարձրացնում ու նմանատիպ հայտարարություններով փորձում են նաեւ մեզ մեղադրել: Հնարավոր է՝ պարոն Բագրատյանը պահած բաներ ունի, հարցրեք իրենից»,- փորձեց կատակել Արտակ Դավթյանը: Իսկ Հովհաննես Իգիթյանի կարծիքով՝ Հրանտ Բագրատյանը այդպիսով միգուցե ցանկացել է զսպել Ադրբեջանին: