Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գալուստ Սահակյանը շնորհավորել է Մամուլի ազատության օրվա առթիվ

Պաշտոնական
galust

Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ ՀՀ Ազգային ժողովի նախագահի շնորհավորական ուղերձում ասվում է. «Լրատվամիջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ, շնորհավորում եմ Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ: Աշխարհի տարբեր անկյուններում տեղի ունեցող` բռնություն կամ անհանդուրժողականություն բովանդակող երեւույթների եւ իրադարձությունների որոշակի մասն ուղղված է ազատության դեմ` ապրելու ազատության, մտածելու ազատության, գործելու եւ, իհարկե, խոսելու ազատության դեմ: Որպես ազատության այս դրսեւորումների եւ հատկապես խոսքի ազատության լավագույն կրողներ եւ իրացնողներ՝ լրագրողներն այդ իրադարձությունների կիզակետում են: Ազատությունն ամբողջովին ապահովագրված չէ թե՛ թեժ կետերում, թե՛ անգամ ամենաժողովրդավարական ու ամենաքաղաքակիրթ ընկալվող հասարակություններում, ինչի ականատեսն ու արձանագրողն առաջինը հենց լրագրողներն են` հասարակության տեղեկացվածությունն ու ազատ խոսքի իրավունքը երբեմն ապահովելով նաեւ իրենց ազատության եւ, ցավոք, նաեւ կյանքի գնով: Պետությունների պատմության հետ մեկտեղ գրվում է նաեւ նրանցում գործող մամուլի պատմությունը: Այս տարի Հայաստանի անկախության 25-ամյակի հետ լրանում է նաեւ հայկական ազատ մամուլի պատմության քառորդ դարը, թեպետ որոշ լրատվամիջոցներ նույնիսկ ավելի տարիքով են, քան մեր անկախությունը: Նրանք բոլորն էլ մեր երկրի ժամանակակից պատմության տարեգիրներն են, որոնք, անկախ հնչող գնահատականներից, ազատ են իրենց մտածելակերպում եւ գործելակերպում, ազատ են իրենց ընտրության մեջ, եւ ազատության տարբեր ըմբռնումներով հանդերձ` միասնական ըմբռնում ունեն հայրենիքի ու պետականության կարեւորության մասին: Այդպես էր արցախյան պատերազմի առաջին իսկ օրերին եւ ողջ ընթացքում, այդպես է ապրիլյան մերօրյա պատերազմի առաջին իսկ օրից: Ժողովրդավարական պետության եւ քաղաքացիական հասարակության կայացման առումով ազատ խոսքը կարեւորագույն նշանակություն ունի թե՛ զարգացող երկրներում, թե՛ այնտեղ, որտեղից երբեմն գնահատականներ են հնչում այդ երկրներում խոսքի ազատության եւ ժողովրդավարության մակարդակի վերաբերյալ: Ի պատիվ թե՛ մեր հասարակության, թե՛ նրա զարգացման գործընթացի անբաժան մասը հանդիսացող լրատվամիջոցների՝ կարող ենք արձանագրել, որ ազատ խոսքը մեզանում նախընտրելի է եւ գնահատելի, հնչուն եւ ուսանելի: Եվս մեկ անգամ շնորհավորելով Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ՝ մաղթում եմ ձեզ, զանգվածային լրատվամիջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ, խաղաղություն, լավատեսություն, բարեկեցություն եւ ամենայն բարիք»: