Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վիրավորներն ուզում են  ապաքինվել, որ նորից սահման գնան (տեսանյութ)

Հասարակություն
zinvor1

Ժամկետային զինծառայող Անդրեյ Վարդումյանը արդեն 1 ամիս է  բուժում է ստանում «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Հրազենային վիրավորում ստացել է քառօրյա պատերազմի առաջին օրը՝ Մարտակերտում: Անդրեյը  ողնաշարի վնասվածք ունի, տեղաշարժվել չի կարողանում: Ասում է, հիմա իրեն լավ է զգում, բայց  նաև հավելում. « երկու օր առաջ գայիք, դժվար թե կարողանայի խոսել»: Զինվորին ամեն օր զանգում են ընկերները. «Շատ բան չեն պատմում, բայց դե ես  գիտեմ էնտեղ ինչ է կատարվում»: «Էրեբունի» ԲԿ-ն վերջին մեկ ամսում 9 վիրավոր է  ընդունել։ Երկուսն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից, 3-ը  բաժանմունքում են: Իսկ 4 վիրավոր  գտնվում է  վերակենդանացման բաժանմունքում: Նրանց վիճակը դեռ ծանր է գնահատվում: «Մեկը միացված է արհեստական շնչառության սարքին, երեքը՝ ինքնուրույն են շնչում: Երկու զինվոր ունենք, որ ողնաշարի վնասվածք ունեն, իհարկե մենք պայքարում ենք, որ իրենք շուտ ապաքինվեն, բայց դա շատ դժվար է»,- ասում է «Էրեբունի» ԲԿ գործադիր տնօրեն  Միքայել Մանուկյանը: Ստեփանակերտցի Արթուր Արզանգուլյանը գրեթե մեկ ամիս հիվանդանոցում անցկացնելուց հետո,: այսօր  դուրս է գրվելու  հիվանդանոցից: Դիրքեր  է բարձրացել լարվածության հենց առաջին օրը՝ կամավոր: Բեկորային վնասվածքներ ունի, բայց ժամերն է հաշվում, որ կրկին բարձրանա դիրքեր. «Էդ մեր հողն ա, պետք ա պաշտպանենք, պահենք»: Այսօր, ի դեպ, լրանում է մեկ ամիսը, ինչ ղարաբաղաադրբեջանական սահմանին  սկսվեց չհայտարարված պատերազմ: Զոհերի թիվը մեկ ամսվա ընթացքում անցնում  է 100-ից։  Նույնքան է նաեւ վիրավորների թիվը։