Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՀՀ-ն առաջին տեղում է, որովհետև ԶԼՄ-ներին բանի տեղ դնող չկա» (տեսանյութ)

Քաղաքականություն
Diana-nkar-Aharon-Adibekyan

Ըստ « Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության 2016թ-ի տվյալների՝ մամուլի ազատության տեսակետից 180 երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 78-րդ տեղը: Իսկ ըստ «Freedom house» կազմակերպության 136-րդ տեղը: Մամուլի ազատության օրվան ընդառաջ՝ այսօր  լրագրողների հետ հանդիպման ժամանակ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը շեշտեց, որ «Freedom house»-ի տվյալները այնքան էլ վստահելի չեն: «Տարբերությունը բավականին զգալի է, մոտ 50 և ավելի  կետով մենք տարբերվում ենք: Դա խայտառակություն է: Մենք գտնում ենք, որ «Freedom house»-ի մոտեցումը շատ մակերեսային է ու գործոնները չեն դասակարգված ըստ կարևորության նշանակության»,-նշեց Ահարոն Ադիբեկյանը: Վերջինս կարծում է, որ այս տարիների ընթացքում հայկական մամուլը  թեև չնչին, սակայն զարգացման դինամիկա, այդուհանդերձ, ունի: «Միջազգային գնահատականներով՝ ԶԼՄ-ի ազատության աստիճանից որոշվում է նաև տվյալ երկրի ժողովրդավարության մակարդակը: Ազատության  աստիճանը ցույց է տալիս, թե որքանով է քաղաքացին իրազեկ երկրում տեղի ունեցող տարբեր գործընթացներից, որքանով է կարողանում իր կարծիքը դարձնել հանրության քննարկման թեմա, ինչպես նաև որքանով  ԶԼՄ-ները կարող են տեղյակ լինել պետական մարմինների գործունեությանը և որքանով կարող են  արտացոլել քաղաքական ուժերի երանգավորումը տվյալ երկրի քաղաքական դաշտում»,-ասաց սոցիոլոգը: Ահարոն Ադիբեկյանի խոսքերով՝ հետխորհրդային երկրների շարքում, հանած Մերձբալթյան երկրները, ապա Հայաստանը մամուլի ազատության տեսակետից առաջին տեղում է գտնվում: «Առաջին տեղում ենք գտնվում նրանով, որ ԶԼՄ-ներին բանի տեղ դնող չկա: Եթե ԶԼՄ-ն ունենար լուրջ դերակատարություն, ապա այդ ժամանակ բավականին լուրջ կվերաբերվեին դրան: Հիմնականում հեռուստատեսությունն է, որ խիստ վերահսկողության տակ է։ Դրանով ստատուս-քվոն պահպանվում է, և դա բոլորին ձեռք է տալիս»,-նշեց Ահարոն Ադիբեկյանը և հավելեց. «ՀՅԴ-ն իր խոսքն է առաջ տանում, Արթուր Բաղդասարյանը իր խոսքն է առաջ տանում, ԲՀԿ-ն՝ ի դեմս Ծառուկյանի,  իր  խոսքն է ասում, ՀՀԿ-ն էլ ՝ իր: Ընդամենը ՀԱԿ-ն է, որ չունի հեռուստաէկրան, բայց ունի տպագիր մամուլ, որը բավականին վաճառվում է և ընթերցվում»: