Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եթե երիտասարդն ապացուցի, որ յուրահատուկ տաղանդ ունի, բանակ չի գնա» (տեսանյութ)

Քաղաքականություն
Tevan-Shirak-nkar

ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը բոլոր քննադատողներին հիշեցնում է, որ տարկետման մասին օրենքի նախագիծն ինքը ներկայացրել է դեռևս 2 տարի առաջ։ «Դա կախված չէր որևէ մեկիս իմանալով, թե 2 տարի հետո՝ ապրիլի 2-ին, ինչ է լինելու։ Եվ բոլորն էլ մտածեն՝ այ հիմա եղել է և հայրենասիրական պաթոսից ելնելով՝ ինչեր են ասում»,-նշեց նա։ Պարոն Պողոսյանի խոսքով՝ օրենքի նախագծի քննարկումը հենց հիմա՝ մայիս ամսին, պետք է սկսվեր և դա կապված չէ ապրիլյան պատերազմի հետ։  «Այս իրավիճակն էլ, որ եղավ ապրիլի 2-ից հետո և Պաշտպանության նախարարի մեկնաբանությունը, թե ինչու կա այդ սոցիալական անարդարությունը և ապահով ընտանիքների երեխաները կարողանում են օգտվել տարկետման իրավունքից, հետո եղավ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի հարցը՝ հիմնվելով այդ մեկնաբանության վրա։ Եվ առաջին անգամ մենք իմացանք, որ կառավարությունն ունի իր սեփական նախաձեռնությունը»։ «Ա1+»-ի դիտարկմանը, թե ՀՀԿ-ական Մանվել Բադեյանը հիմարություն է համարում օրենքի այս նախագիծը, քանի որ մատաղ սերունդը, որ պետք է կրթվի, կտրվելու է կրթությունից և գնա բանակ, պարոն Պողոսյանն ասաց. «Պետք է կարողանանք համապատասխան ֆինանսական միջոցներ ներդնել՝ գիտական ծրագրեր ֆինանսավորելու։ Ովքեր մեղադրում են, ես ուրախ կլինեմ, որ իրենք էլ ներկայացնեն, թե իրենք որքա՞ն գումար են առաջարկել՝ գիտությանը նպաստելու համար։ Քանի՞ առաջարկ են ներկայացրել վերջին 4 տարիների ընթացքում»։ Նա նշեց, սակայն, որ 100 տոկոսով բոլորի վրա տարկետման բացառումը չի տարածվի. «Մեր նախագծի մեջ էլ կան հնարավորություններ, որ տաղանդավոր մեր երիտասարդները, ովքեր մինչև 18 տարեկան են և ապացուցել են, որ ունեն յուրահատուկ տաղանդ, ունենալով համապատասխան ցանկ՝ օրինակ միջազգային օլիմպիադաներում հաղթանակի պատվոգրեր, ասենք՝ 3 հատ եվրոպական, կարող են շարունակել կրթվել։ Այսինքն, չափանիշ կարելի է դնել»։ Թևան Պողոսյանն ինքը ծառայե՞լ է բանակում. «Ոչ։ Ես էլ եմ օգտվել ամեն ինչից օրինական։ Ես Ղարաբաղում եմ եղել պատերազմի ժամանակ, մնացածը դուք գնահատեք»,-ասաց նա։ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը հավանություն է տալիս Թևան Պողոսյանի օրենսդրական առաջարկին. «Այն տարածված կարծիքը, թե բանակից հետո երիտասարդները քիչ են հետաքրքրվում գիտությամբ, ես համամիտ չեմ։ Որպես ԵՊՀ դասախոս, կարող եմ պնդել, որ հրաշալի երիտասարդներ ունենք. նրանք բանակում ծառայելուց հետո ավելի խորն են ընկալում գիտության մեջ խորանալու անհրաժեշտությունը։ Եվ բացի այդ, մենք մի երկիր ենք, որտեղ պատերազմը բնական վիճակ է, հետևաբար՝ ընդհանրապես տարկետման մասին պետք է խոսակցություն չունենանք»։ Արդյո՞ք կրթության ոլորտից դեպի առողջապահություն չի տեղափոխվում կոռուպցիայի խնդիրը, պարոն Պողոսյանն ասաց. «Մենք առաջարկում ենք մի կետում հանել կոռուպցիոն ռիսկը, իսկ մնացածը ինստիտուցիոնալ խնդիրներ են։ 2010 թվականին եղել է 10.000 կրթական ոլորտում ազատում, իսկ մոտ 4000՝ առողջապահական»։ «Մենք ուզենք, թե չուզենք, պետք է ընդունենք, որ կոռուպցիոն ռիսկեր կան։ Դրանց լուծման ձևերից մեկը մտածողության փոփոխությունն է. մտածենք, որ ընկեր, բարեկամ, հարազատ չենք ճանաչելու»,-իր հերթին նշեց պարոն Թորոսյանը։ Հարցին՝ հարուստների, օլիգարխների երեխաները չեն ծառայել հենց կոռուպցիայի՞ խնդրով, նա ասաց. «Կարող է և այդպես լինի։ Բայց դա մենք պետք է բոլորի վրա չնույնացնենք»։