Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բարոյական չէ պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը». Ա. Աշոտյան (տեսանյութ)

Քաղաքականություն
Ashotyan

ՀՀ ներքին ու արտաքին կյանքում տեղի են ունենում փոփոխություններ, որոնց սկզբնաղբյուրը ապրիլի սկզբին շփման գծում Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմական գործողություններն էին:  Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց  ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Ըստ նրա՝ այս ընթացքում քաղաքական գործընթացները վերանայման անհրաժեշտություն ստացան ոչ այնքան բովանդակության իմաստով, որքան փոփոխության տեմպի ու խորության իմաստով. «Կազմակերպված պետություն ունենալու անհրաժեշտությունն առաջնագիծ եկավ: Քաղաքական որոշ շրջանակներում նաեւ միտում կա ստեղծելու արհեստական օրակարգեր, որոնք ընդհանրապես կապ չունեն պետության մարտունակության հետ, այլ նրանց նպատակն է այս հայրենասիրական ալիքը սանձելու ու հատվածական անձնական շահերին օգտագործելու, վաղուց օրակարգում եղած հարցերին երկրորդ կյանք տալու համար, ասենք, թե ով է լինելու իշխանություն»: Արմեն Աշոտյանի գնահատմամբ՝ տարիներ առաջ դժվար էր պատկերացնել, որ չավարտված պատերազմի պայմաններում կփորձեն կազմակերպել իշխանափոխության պահանջով երթ. «Այս ամենով հանդերձ այսօր կա քաղաքական կոնսենսուս, սակայն միաժամանակ որոշ քաղաքական ուժերի դեպքում ուզում եմ ասել՝ բարոյական չէ պահանջել արհեստական օրակարգ, պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարական, երբ ուժերի մոբիլիզացման խնդիր ունենք: Այդ ուժերը սեփական վարկանիշը վերականգնելու համար են նրանք քայլեր անում: Ընտրությունների շեմին քաղաքական դաշտը նախանախընտրական փուլում է՝ ստեղծվում են նոր քաղաքական ուժեր, օրինակ՝ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի կուսակցությունը: Բացի այդ, դաշտում արդեն առկա քաղաքական ուժերը վերադասավորվում են: Այս առումով նոր Սահմանադրությունը բացարձակ լեգիտիմ է դառնում: Սակայն սա չի նշանակում, որ մեր քաղաքական գործընթացները պետք է դադարեն կամ դառնան միապաղաղ, ուղղակի չպետք է անցնել ազգային անվտանգության սահմանը»: Անդրադառնալով ՀՀԿ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի աղմկահարույց հարցազրույցին՝ Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ բոլոր մեկնաբանությունները թողնում է մի կողմ. «Ուզում եմ մեկ հարց տալ՝ արդյոք այս թեմայի քննարկումը բարձրացնո՞ւմ է մեր զինվորի ոգին: Իսկ հողերի հետ կապված հարցի իրական տերը ԼՂՀ ժողովուրդն է, որի մասին շատ հստակ խոսել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Մաստակ սարքել այս թեմայով, նշանակում չհասկանալ՝ ինչ է կատարվում այս դաշտում»: Նա կոչ արեց լրագրողներին՝ փոխզիջումներ բառն ընդհանրապես պետք է հանել գործունեության բառապաշարից. «Կա Սերժ Սարգսյանի ուղերձը այս առումով: Բանակցային գործընթացի մեկնարկը դեռ չկա: Այսօր այդ ամենի մասին խոսելն անարդյունավետ է ու ժամանակավրեպ»: