Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հերթական տուժողը՝ «Պրես Ստենդ»-ից

Կարևոր լուրեր Հասարակություն
pressstend-nkar-1

Հանրապետական պատգամավոր Արման Սահակյանին պատկանող «Պրեսս Ստենդ» ընկերությունը կրպակավար Ռուզաննա Քոչարյանին հայտնել է աշխատանքից հեռացված լինելու մասին. «Զանգեցին, ասեցին էգուց կգաս կրպակը կհանձնես»,- «Ա1+»-ին փոխանցեց 67-ամյա կինը։ Թերթերի ու ամսագրերի վաճառքով զբաղվող ընկերությունում կրպակավար աշխատող տիկին Ռուզաննան օրեր առաջ հայտնել էր ընկերության ղեկավարության կողմից իր նկատմամբ անարդար վերաբերմունքի մասին։ Դեռևս նախորդ տարվանից «Պրեսս Ստենդ» ընկերությունում աշխատանքի տեղավորված թոշակառու կինը հենց առաջին օրվանից պակասորդով է սկսել աշխատել։ Հիշեցնենք, գույքագրման ժամանակ նրան հայտնել են, որ 117 000 դրամ պակասորդ ունի ու պետք է վճարի այդ գումարը։ Տիկին Ռուզաննան երկար չի դիմադրել ու վճարել է ողջ գումարը, սակայն սա էլ վերջը չի եղել, ամիսներ շարունակ նորանոր տուգանքներ են գրանցվել իր անվան դիմաց. «Ու այդպես 1 միլիոն դրամից ավելի, մի անգամ եմ ստացածս աշխատավարձը տնօրինել իմ կարիքների համար»,- ասում է նա։ Նշենք, որ «Պրեսս Ստենդ» ընկերությունը չի արձագանքել «Ա1+»-ի նախորդ հրապարակման մեջ հնչած փաստերին, փոխարենը՝ ղեկավարությունը մյուս աշխատակիցներին է սպառնացել չգնալ տիկին Ռուզաննայի ճանապարհով ու չբարձրաձայնել իրենց վիճակի մասին։ Ռուզաննա Քոչարյանի պատմության մասին հրապարակումից հետո «Պրես Ստենդ» ընկերության գործունեությունից տուժելու մասին մեզ հայտնեց նախկին աշխատակիցներից Սուսաննա Կամսարյանը։ Տիկինը արդեն երեք ամիս է՝ այլևս այս ընկերությունում չի աշխատում։ Կրպակավար է եղել Օպերայի մերձակայքում գտնվող կրպակում, ու ընկերության «քաղաքականությունը» անհետևանք չի մնացել նաև նրա համար։ «Գիշեր-ցերեկ աշխատել ենք իրենց համար, էն ցույցերի օրերին (նկատի ունի 2015-ի Էլեկտրիկ Երևանի հանրահավաքները,- խմբ.) ժամանակ եղել է մինչև 1-ն ենք աշխատել ես ու թոռս, էնքան լավ էինք աշխատում, որ 60 000 դրամ ավելցուկ եղավ, զարմացել էին»։ Կնոջ պատմելով՝ սրան հաջորդել է ընկերության ղեկավարության «գնահատանքը լավ աշխատանքի համար». «Էլի տուգանքներ եկավ մեզ վրա, 360 000 դրամի ավելի փող են պահել մեզանից։ Աշխատանքից դուրս գալուց առաջ 60 000 դրամ էլի պարտք էին դրել»։ Ինչպես արդեն նշել ենք, մեր նախորդ հրապարակմանը արձագանք չի եղել «Պրեսս Ստենդ» ընկերությունից, մեր փորձերը՝ մեկնաբանություն ստանալ ղեկավարությունից ևս անարդյունք են եղել։ Պատրաստ ենք նաև ներկայացնել «Պրես Ստենդ» ընկերության պարզաբանումները։