Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արցախ մեկնած 2 կամավորի ազատել են աշխատանքից

Հասարակություն
sahman7

Մայիսի մեկի՝ Աշխատավորների միջազգային օրվան ընդառաջ ինչպե՞ս են խախտվում աշխատողների իրավունքները եւ ինչպե՞ս կարող են պաշտպանել դրանք: Լրագրողների հետ հանդիպմանը փաստաբան Ինեսա  Վարդանյանը նշեց՝ այն կարծիքին չէ, որ Աշխատանքային օրենսգիրքը չէր ասի, որ թերի մշակված է. «Օրենսգրքով պաշտպանված են թե աշխատողի, թե գործատուի իրավունքները, ավելին՝ աշխատավորների իրավունքներն ավելի պաշտպանված են: Այստեղ խնդիրը իրավունքների թերի գիտակցումն ու իրազեկումն է: Լինում են դեպքեր, երբ աշխատողը գիտի, որ խախտվել են իր իրավունքները, սակայն չի  կարող բողոքել, քանի որ ունի ընտանիք ու համակերպում է: Այժմ արդեն շատանում են այն աշխատողները, որոնք դիմում են դատարան»: Ըստ նրա՝ աշխատողները շատ հաճախ չեն դիմում դատարան, հիմնականում մեկ պատճառով. «Նա մտածում է՝ մի հատ փաստաբանին գումար տամ, մի հատ էլ չհաղթեմ ու աշխատավարձս էլ ցածր է, էլ ինչի՞ս է պետք ավելորդ քաշքշուկի մեջ ընկնեմ: Բոլորս էլ գիտենք՝ այն աշխատողը, որ թակում է գործատուի դուռն ու ասում, որ ինքը երկու ժամ ավելի է աշխատել, ապա նրա հարաբերությունները գործատուի հետ սկսում են լարվել: Գործատուն միանգամից քայլեր է ձեռնարկում՝ ազատվելու տվյալ աշխատողից: Այս պարագայում գործատուն չի ասում, թե աշխատանքից ազատման պատճառը աշխատողի տվյալ պահանջն է. նա մի պատճառ գտնում է»: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական զբաղվածության վարչության պետ Թադեւոս Ավետիսյանի կարծիքով էլ՝ աշխատողների իրավագիտակցությունից ու սոցիալական վիճակից բացի, մեր երկրում աշխատուժի առաջակը գերազանցում է պահանջարկը. «Դա է պատճառը, որ աշխատողը երբեմն թողնում է իր իրավունքներն ու փորձում հարմարվել աշխատանքային պայմաններին: Եթե նույնիսկ տվյալ աշխատողը չի արտահայտվում, սակայն գտնում է, որ իր աշխատավարձը քիչ է գնահատված, կարող է ցանկացած պահի դիմել դատարան՝ վերականգնելու իրավունքները»: Փաստաբան Ինեսա Վարդանյանի նաեւ ավելացրեց՝ դատարան դիմել, նշանակում  է նաեւ ռեսուրսների վատնում. «Երբ աշխատողի աշխատավարձը ցածր է, իսկ գործատուն էլ միտումնավոր աշխատանքային պայմանագիր չի կնքում, ապա այս դեպքում դատարան դիմելու հավանականությունը քչանում է»: Փաստաբանը ներկայացրեց նաև իր 2 պաշտպանյալների խախտված աշխատանքային իրավունքների դեպք, որոնք այս օրերին կամավորագրվելով Արցախի պաշտպանության ջոկատին՝ հեռացվել են աշխատանքից: Ընդհանուր առմամբ, թեեւ, խախտվել էր ինը կամավորի աշխատանքային իրավունքը: Ինեսա Վարդանյանը  նշեց, որ իր պաշտպանյալները կգնան աշխատանքի, քանի որ ԶԼՄ-երի անդրադարձից հետո նաեւ նրանք վերականգնվել են իրենց աշխատավայրում. «Նման պատերազմական իրավիճակում իմ պաշտպանյալներից մեկը գիշերվա ժամին դուրս էր եկել տնից ու գնացել Արցախ: Նա միայն զանգով՝ բանավոր կերպով էր հասցրել հաշվապահին տեղեկացնել այդ մասին: Իրավական առումով դա թույլ ծանուցում էր: Օրենսգրքով միայն անհարգալից բացակայության դեպքում գործատուն կարող է աշխատողին ազատել աշխատանքից, մինչդեռ գործատուն դա պետք է գնահատման առարկա դարձներ, ինչն էլ նա պատշաճ կերպով չի իրականացրել: Ես սիրում եմ այդ օրինակը բերել՝ ասենք, մարդը ընկել է կոմայի մեջ, ինչպե՞ս պետք է նա իրավական ճիշտ ընթացակարգով տեղեկացներ գործատուին»: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչը վստահեցրեց՝ այս պահին մշակում են օրենսգիրքը՝ առավել երաշխիքներ նախատեսելով աշխարհազորայինների համար, որոնք այս կամ այն ձեւով թողնում են աշխատանքը ու գնում հայրենիքը պաշտպանելու: