Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Միշա Աղաջանյանը աղքատ ու հիվանդ ծնողների միակ զավակն էր. Առավոտ

Քաղաքականություն
misha1

«Եթե ես հնարավորություն ունենայի ազատություն տալ երկրներին, ապա մեծ սիրով այն կտայի շատ տառապած ազգերին». ապրիլի 3-ին քառօրյա պատերազմում զոհված շարքային Միշա Աղաջանյանի դպրոցական շարադրությունից մի հատված է, այն մեզ հետ զրույցում կարդում է դպրոցի տնօրեն Ռոբերտ Նազարեթյանը: Նա Միշայի՝ «Ազատությունը մեր կյանքում» վերնագրով շարադրությունից մի քանի հատված էր առանձնացրել, որպեսզի ցույց տա զոհված տղայի հայրենասիրությունը, ու շարունակում է կարդալ.«Ազատություն ասելով պետք է հասկանաք՝ ինչ էլ լինի, մենք չպետք է վատ գործեր անենք մեր հայրենիքի համար»: Դպրոցի տնօրենն ասում է՝ Միշան միշտ էլ առանձնացել է իր համեստությամբ, նվիրվածությամբ եւ հայրենասիրությամբ: Տնօրենը պատմում է՝ մինչ քառօրյա մարտական գործողությունները, Միշան մի քանի օրով  արձակուրդ էր գնացել գյուղ՝ Վարդաբլուր, (Արագածոտնի մարզ) համագյուղացիները նրա հետ գրկախառնվում էին ու համբուրում. «Այ էդպես հարգված ու սիրված տղա էր. շատ համեստ, խելոք, մարդամոտ, շատ լավ մարդ էր»: Արագածի տարածաշրջանի Երկրապահ կամավորական միության ղեկավար Մացակ Սողոմոնյանն Aravot.am-ի հետ զրույցում պատմում է, որ 1994 թվականին Մարտակերտում է զոհվել Միշայի հորեղբայրը, իսկ 2016-ի ապրիլի 3-ին էլ՝ ինքը՝ Միշան, ու էլի Մարտակերտում: «Երբ 1994 թվականին մահացավ Միշայի հորեղբայրը, որի անունը էլի Միշա էր, 1996-ին ծնվեց կրտսեր Միշան, ծնողները նրա անունը մահացած հորեղբոր պատվի են կնքվել: Երկուսն էլ Միշա Աղաջանյան էին, երկուսն էլ Մարտակերտում ընկան: Ծնողները 10 տարի երեխա չէին ունենում, 10 տարի հետո ունեցան, միակ զավակն էր, ու…Ծնողները տառապում են, ասում են՝ Աստված ջան, 10 տարի չտվեցիր, հետո տվեցիր, խի՞ տվեցիր, որ էլի տարար»,-պատմում է պարոն Սողոմոնյանը, որը զոհվածի համագյուղացին է: Սողոմոնյանն ասում է՝«Միշան «մինամիյոտչիկ էր» ապրիլի 3-ին տանկով, որի մեջ էլի զինվորներ կային, դուրս են եկել հակառակորդի տարածքը, բայց հակառակորդը տանկը տրաքացրել է, ամբողջությամբ պայթել է: Էրեխեքը մոխիր էին դարձել: Էդ դիրքերը հակառակորդը մի քանի օր վերցրել էր, հետո որ մերոնք հետ վերցրեցին, նոր կարողացան էրեխեքին հանել տանկից: Մարմինն չկար, մոխիր էր, մոխիր: Միշայի դագաղը որ բերեցին, ոստիկանները թույլ չտվեցին ծնողներին այն բացել, մարմին չկար: Դագաղի հետ մեդալն էր ու գլխարկը: Մայրը ողբում էր, ասում էր՝ ես ձեզ դատարկ գլխա՞րկ եմ տվել, որ ինձ սա եք վերադարձնում»: Համագյուղացիներով ամեն երեկո հավաքվում են Միշայի ծնողների տանը, փորձում են սփոփել, բայց, ոչ մի խոսք մոր ու հոր սիրտը չի հանգստացնում: Սողոմոնյանն ասում է՝ մայրը՝ Ջավահիրը, դարձել է ինքնամփոփ, ոչինչ չի խոսում, չի շփվում: «Մայրն էր որդուն ասում՝ տղես, դու պիտի ծառայես, անպայման պիտի ծառայես, բալես: Հիմա տանջվում է իր էդ խոսքերի համար: Հայրն էլ՝ Կամոն, ասում է՝ ուզում եմ մեռնեմ: Ասում եմ՝ այ Կամո ջան, ինչ մեռնել, դու պիտի մնաս, որ տղուդ հիշատակը պահես, ասում եմ՝ քո տղան ու իր նմանները, եթե չլինեին, հակառակորդը 24 ժամ հետո մտած կլիներ Ստեփանակերտ, քո տղան հերոս է, տես քանի միլիոն կյանքեր ա պահել իր կյանքով: Նոր, էս խոսքերից հետո, Կամոն մի քիչ հանգստանում է»,-պատմում է  Սողոմոնյանը: misha Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով