Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մասնագիտական էթիկան Հայաստանի ԶԼՄ- ներում. ԵՄԱ

Քաղաքականություն
եմա

Հայաստանում լրատվամիջոցների ինքնակարգավորման, ժուռնալիստական/լրագրողական էթիկայի տարածումը նորանկախ պետության ձեւավորման սկզբում բավականին լուրջ դիմադրության էր արժանանում: Դրա համար կային մի քանի պատճառներ, որոնցից երեքը հիմնականներն են: Առաջին՝ լրագրողները համարում էին, որ արտահայտման իրավունքի ցանկացած սահմանափակում պետք է մնա խորհրդային անցյալում: Խոսքի ազատությունը կաշկանդող նոր համակարգերի ստեղծումը մերժվում էր, այդ թվում նաեւ մասնագիտական էթիկայի ֆորմալացված կանոնները: Երկրորդ խոչընդոտը տարածված համոզմունքն էր, որ լրագրողները պիտի ենթարկվեն միայն օրենքներին, ու եթե իրենց գործունեությունը չի հակասում դրանց, ուրեմն դա լիովին արդարացված է: Եվ երրորդը՝ այն ընկալումն էր, որ հայ հասարակությունը ի սկզբանե բարոյական է, եւ այն համամարդկային բարոյական նորմերը, որոնք ընդունված ու արժեւորված են երկրում, բնորոշ են նաեւ լրագրողներին: Հետեւաբար, որեւէ այլ էթիկայի մասին խոսելն արհեստական ու ավելորդ էր համարվում: Ժամանակի հետ,  միջազգային փորձի ուսումնասիրության շնորհիվ,  դիմադրությունը թուլանում էր: Երեւանի մամուլի ակումբն իր գործընկերների հետ հետեւողական աշխատանք էր տանում այդ ուղղությամբ: Բուհերում համապատասխան դասընթացների մշակումը եւ դրանց ներառումը ուսումնական ծրագրերում, արտերկրի մամուլի խորհուրդների եւ առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների այցելությունները, Հայաստանում քննարկումների կազմակերպումը՝ լրագրողական լայն շրջանակներին համոզեցին, որ պրոֆեսիոնալ, որակյալ ԶԼՄ ինդուստրիան չի կարող կայանալ՝ առանց ինքնակարգավորման (կամ հանրության ու գործընկերների առջեւ հաշվետվողականության) համակարգի: Սակայն, մի բան է գիտակցելը, եւ այլ՝ այն առօրյա աշխատանքում կիրառելը: Ինքնակարգավորման ինստիտուցիոնալացման ճանապարհը բավականին երկար ու բարդ էր: ԵՄԱ-ն 2004թ. անցկացրեց «նույնականացման» հետազոտություն, որի նպատակն էր հասկանալ՝ ո՞ւմ առջեւ են լրագրողները զգում առավել մեծ պատասխանատվություն, ո՞ւմ հետ ունեն առավել սերտ ընդհանուր շահեր: Պարզվեց, որ հայկական ԶԼՄ-ներում աշխատող մեր գործընկերների հիմնական «նույնականացումը»  գործատուի, լրատվամիջոցի սեփականատիրոջ (բացահայտ կամ քողարկված) հետ է եւ, համապատասխանաբար, հենց վերջիններիս առջեւ են զգում ամենամեծ պատասխանատվությունը: Հաշվի առնելով այն իրողությունը, թե ինչպիսի մեծ ազդեցություն ունեն սեփականատերերն իրենց ԶԼՄ-ների բովանդակության վրա, լրագրողի նկատմամբ քննադատական վերաբերմունքը շատ դեպքերում արդարացի չէ: Ի վերջո նրանք, եթե ցանկանում են պահպանել իրենց աշխատատեղերը, հրահանգները/պատվերները կատարելու այլընտրանք չունեն։: Այսինքն, ԶԼՄ-ների այն պատկերը, որ մենք ունենք Հայաստանում, մեծ մասամբ ձեւավորված է ոչ թե գործի մասնագետների, այլ՝ ժուռնալիստիկայի հետ որեւէ առնչություն չունեցող անձանց կողմից: Մանրամասներն՝ այստեղ