Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օպերայի 2016 թ. մայիս ամսվա խաղացանկը

Հասարակություն
opera

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում 2016 թվականի մայիս ամիսը հարուստ է խաղացանկային ներկայացումներով: Մայիսի 2–ին կներկայացվի Վինչենցո Բելլինիի «Նորմա» երկու գործողությամբ աշխարհահռչակ օպերան: Լիբրետոն՝ Ֆ. Ռոմանիի, ըստ Լ. Սումեի համանուն վեպի մոտիվների: Ներկայացումը նվիրվում է ԳԵՂԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հիշատակին: «Նորմա» օպերայի բեմադրիչն է Բորիս Հայրապետյանը /Ռուսաստան/, դիրիժորական վահանակի մոտ կլինի Ջանլուկա Մարչիանոն /Իտալիա/, զգեստների նկարիչ՝ Նինա Հովնանյան, գլխավոր խմբավար՝ Ռադիկ Մելիքյան, խմբավար՝ Զոյա Կարապետյան: Գլխավոր դերերում հանդես կգան Դիանա Հարությունյանը/Նորմա/, Սարգիս Աղամալյանը/Պոլիոն/, Սոֆիա Թումանյանը/Ադալջիզա/, Հովհաննես Ներսեսյանը/Օրովեզո/, Արտակ Մելքոնյանը/Ֆլավի/, Սոնա Վարպետյանը /Կլոտիլդա/: Մայիսի 4-ին մեկ երեկոյի ընթացքում կցուցադրվի երկու ներկայացում՝ Ս. Ռախմանինովի հանրահայտ «Ալեկո» մեկ գործողությամբ օպերան և Ժ. Սարխոշյանի «Երազ» բալետը, որի մտահղացման և երաժշտության հեղինակն է Էդուրադ Համբարձումյանը: «Երազի» գլխավոր հերոսուհին /Ժ. Սարխոշյան/ երիտասարդ գործունյա նկարիչ է, սակայն տառապում է միայնությունից և փրկությունը գտնում է արվեստի մեջ: Երբ նա գտնում է իր ասպետին, չի բավարարվում իրականությամբ. անուրջների ասպետը կտավում կատարյալ է, ավելի առնական ու հզոր, իսկ երիտասարդն իր իդեալը չէ: Կինը հետապնդում է իր իդեալին, որին մարմնավորել է Ռուբեն Մուրադյանը: Նկարչուհին շարունակում է երազել՝ գտնելով դրական հանգուցալուծում: Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մայիսի 7–ին կներկայացվի Լ. Մինկուսի «Դոն Կիխոտ» երեք գործողությամբ բալետը: Ներկայացման բեմադրիչ-բալետմայստերն է ՀՀ ժող. արտիստ Վիլեն Գալստյանը: Մայիսի 11-ին հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերան, որն արդեն ավելի քան ութ տասնամյակ է հանդիսանում է Հայաստանի գլխավոր թատրոնի հպարտությունը և հայկական ժողովրդական երաժշտական լեզվով գրված առաջին լիավարտ օպերան է: Մայիսի 14-ին կներկայացվի ֆրանսիացի կոմպոզիտոր Ա. Ադանի հանրահայտ ստեղծագործությունը՝  «Ժիզել» երկու գործողությամբ բալետը: Բեմադրությունը՝ Ժ. Կորալիի, Ժ. Պերոյի և Մ. Պետիպայի: Ներկայացումը վերականգնող բալետմայստերն է ՀՀ ժող. արտիստ Վ. Գալստյանը: Ա. Ադանի դրամատիզմով հարուստ այս ստեղծագործության շնորհիվ բեմում ներկայացվում են շքեղ տեսարաններ: Ներկայացումը հարուստ է ակնառու գործողություններով, նրբագեղությամբ և բալետային ինքնատիպ ձեռագրով: «Ժիզելը» ռոմանտիկական բալետի բարձրակետն է համարվում, որը համաշխարհային հեղինակավոր թատրոնների մշտական խաղացանկի ամենից պահանջված ներկայացումներից է: Ջ. Վերդիի «Տրավիատա» օպերան Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կներկայացվի  մայիսի 19-ին: «Տրավիատան» Ջ. Վերդիի լավագույն ստեղծագործություններից մեկն է, որը բեմադրության պահից մինչ օրս չի իջել օպերային թատրոնների բեմահարթակներից: Երևանի օպերային թատրոնում բեմադրվել է 1936 թվականին /դիրիժոր՝ Մ. Թավրիզյան, բեմադրիչ՝ Լ. Քալանթար/: Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետը Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կներկայացվի մայիսի 21–ին: Ներկայացման բեմադրիչն է ԽՍՀՄ ժող. արտիստ Յուրի Գրիգորովիչը: «Սպարտակ»-ը գրվել է 1954 թվականին, լիբրետոն՝ Նիկոլայ Վոլկովի։ Առաջին անգամ բալետը բեմադրվել է 1956 թվականի դեկտեմբերի 27-ին Լենինգրադի Մարիինյան թատրոնում։ Լիբրետոյի հիմք է ծառայել Ռաֆաելլո Ջովանյոլիի «Սպարտակ» վեպը։ Ժ. Բիզեի «Կարմեն» օպերան կցուցադրվի մայիսի 26–ին: Ներկայացման բեմադրիչն է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Մելիքսեթյանը: Սիրով սպասում ենք Ձեզ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ վայելելու բարձրարժեք մշակույթի լավագույն ստեղծագործությունները: Հարգանքով՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին