Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կուզեի անկողին փռել ու կյանքիս վերջն անցկացնել Գեղարդում». Բոնա (տեսանյութ)

Քաղաքականություն
jazz

Ապրիլի 30-ին աշխարհը տոնում է Ջազի միջազգային օրը: Հայաստանն արդեն 5-րդ տարին անընդմեջ միանում է տոնին՝ ջազի սիրահարների համար կազմակերպելով բացօթյա համերգ: Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի Կասկադի տարածքում ապրիլի 30-ի երեկոյան ջազ է հնչելու: Այս տարի երեւանցիների համար ելույթով հանդես կգա աշխարհահռչակ բաս կիթառահար Ռիչարդ Բոնան: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ վերջինս կատակեց, թե արդեն հայկական ազգանուն ունի՝ Բոնայան: Սա երաժիշտի երկրորդ այցն է Հայաստան: Նրա խոսքով՝  սիրում է Հայաստանն ու հայ ժողովրդի պատմությունը. «Ես ոչ միայն երաժշտություն սերտող եմ, այլեւ պատմություն: Հայաստանի պատմությունը միայն Հայաստանինը չէ, այլ բոլորիս պատմության մի մասը: Ամեն ինչ չէ, որ գիտեմ Հայաստանի պատմության եւ մշակույթի մասին, բայց իմանալով, թե հայ ժողովուրդ ինչերի միջով է անցել, կարող եմ ասել, որ հայերը շատ քաջ են, ինչպես մտքով, այնպես էլ ֆիզիկապես»,-նշեց Բոնան՝ հավելելով, որ զարմացած է նաեւ հայ ժողովրդի՝ երաժշտության հանդեպ տածած սիրով: Երաժիշտը նշեց նաեւ, որ այսօրվանից սկսելու է դուդուկ նվագել սովորել: Ի դեպ, երեկ Ռիչարդ Բոնան եղել է Գեղարդի վանքում: Հարցին, թե Հայաստանից մեկնելիս ինչն է ամենաշատը կարոտելու, նա պատասխանեց. «Գեղարդի վանքի արձագանքը, երբ ես այնտեղ երգում էի: Դա այն վայրն է, որտեղ կուզենայի անկողին փռել ու կյանքիս վերջն անցկացնել»: Ջազային համերգն այս տարի կրում է «Ջազը հանուն համամարդկային արժեքների» խորագիրը: Բացի Ռիչարդ Բոնայից, համերգում ելույթ կունենան նաեւ Ռոբերտո Կել Տորեսը, Լեւոն Մալխասյանը, Արմեն Թութունջյանը, Երվանդ Երզնկյանը եւ երիտասարդ ջազմեններ: