Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Պրեսս Ստենդ»-ը կրպակավարներից հսկայական գումարներ է պահանջում

Հասարակություն
pressstend-nkar

67-ամյա Ռուզաննա Քոչարյանն արդեն 1 միլիոն դրամ գումար է վճարել «Պրեսս Ստենդ» ընկերությանը՝ որպես վնասի փոխհատուցում։ 2015-ի մարտի 21-ին թերթերի, ամսագրերի վաճառքով զբաղվող ընկերությունում ընդունվել է աշխատանքի որպես կրպակավար, ու հենց առաջին օրն էլ գույքագրման ժամանակ պակասորդ է գրանցվել նրա անունով։ Տիկնոջ պատմելով՝ իրենից առաջ աշխատած աշխատակցի պարտքը իրեն է փոխանցվել։ «Երբ մենեջերի օգնությամբ դասավորում էինք նոր գույքագրված կրպակը, ներկայացավ գույքագրողը, կատարեց գույքագրում ու արդյունքում ինձ վրա պակասորդ դրվեց, ինչի արդյունքում աշխատանքի հենց առաջին օրը առանց առևտուր անելու ունեցա 117 000 դրամ պարտք»,- «Ա1+»-ին պատմում է տիկին Ռուզաննան։ Հասկանալով իր նկատմամբ անարդար վերաբերմունքը՝ տիկինը բարձրաձայնել է դրա մասին, ասել, որ չի պատրաստվում վճարել այդ գումարը։ Արդյունքում ընդհարվել են գույքագրման բաժնի պետ Դավիթի հետ. «Նույնիսկ որոշեցի դատի տալ նրան։ Դավիթն իրեն երևակայում է հիմնարկի թագավոր, անպատվելով իմ ինքնասիրությունը՝ ինձ անվանելով գող և սուտասան»,- նշում է տիկին Ռուզաննան։ Այնուհանդերձ, տիկին Ռուզաննան վճարել է այդ գումարը, սակայն ամեն ինչ այդքանով չի ավարտվել։ 55 000 դրամ աշխատավարձ ստացող կինը նշում է՝ փակելով նախորդ պարտքերը՝ էլի տուգանքներ են ավելանում իր անունով։ «Դեռ չվերջացրած այդ 117 000 դրամի վճարումը, մեկ էլ 150 000 դրամ տուգանք էլի եկավ։ Մեկ անգամ որ վճարեցի, դրանից հետո սովորեցին ու էլի գումարներ պահանջեցին, և այդպես մինչև՝ 1 000 000դրամ»։ Ռուզաննա Քոչարյանը նկարագրում է այն սխեման, որի միջոցով իրենից ու մյուս կրպակավարներից հսկայական չափերի գումարներ է պահանջում «Պրեսս Ստենդ» ընկերության ղեկավարությունը. «Օրինակ՝ ծխախոտ ստանալիս մեկ տուփի փոխարեն 10-ն են գրում՝ գումարը ստանալիս վնաս հաշվելով աշխատողի վրա։ Կամ ապրանքը ստանում ես, բայց համակարգչում 5 օր ուշացումով են մուտքագրում, սխալ թվեր են գրում»։ Տիկին Ռուզաննայի պնդմամբ՝ ինքը միակը չէ, որ տուժել է «Պրեսս Ստենդ»-ի ղեկավարության գործելակերպից. «Աշխատավարձ ստանալու օրերին եկեք տեսեք ինչ է կատարվում, աշխատողները հերթ կանգնած են, չեն հասցնում աշխատավարձը ստանալ, ստանում ու տանում են տուգանքները վճարելու։ Բոլորի նկատմամբ են այսպես վարվում»։ Կրպակավարը փորձել է խնդրի մասին տեղեկացնել նաև «Պրեսս Ստենդ»-ի սեփականատեր, պատգամավոր Արման Սահակյանին, սակայն չի կարողացել կապ հաստատել. «Պարոն Սահակյան, խնդրում եմ Ձեզ, ընդունել ինձ, լսել այն ամենի մասին, ինչ կատարվում է Ձեր հիմնարկում։ Այնտեղ ախպերական ոչ մասնագետների մի հավաքածու է՝ բացառությամբ մի քանիսի, որը միայն կարող է գոռալով վախեցնել թոշակառու կանանց»,- այսպես է դիմում պատգամավորին կրպակավար Ռուզաննա Քոչարյանը։ Մեկնաբանություն ստանալու համար «Ա1+»-ը փորձեց կապ հաստատել «Պրեսս Ստենդ» ընկերության ղեկավարության հետ, սակայն մեր հեռախոսազանգերին չպատասխանեցին։ Պատրաստ ենք նաև ներկայացնել «Պրեսս Ստենդ» ընկերության պարզաբանումները։ cucak