Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանն առաջադրում է 3 պայման. Շարմազանով (տեսանյութ)

Քաղաքականություն
eduard-sharmazanov

ՀՀ Նախագահը ներկայացրել է 3 կետեր, որոնց պարագայում միայն Հայաստանը կգնա ԼՂՀ բանակցությունների Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին տեղեկացրեց, որ նիստը վարող Սերժ Սարգսյանը ներկայացրել է շփման գծում առկա իրավիճակը, ինչպես նաեւ՝ քննարկել են ներքաղաքական ու արտաքին քաղաքականության հիմնահարցեր. «Մեր դիրքորոշումը հստակ է՝ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերսկսման համար անհրաժեշտ է երեք կարեւոր քայլ՝ վստահության-հետաքննության մեխանիզմների ներդրում, հասցեական հայտարարություններ եւ երաշխիքներ, որ Ադրբեջանը չի գնա նոր ագրեսիայի: Այս պահին բանակցությունների վերսկսման մասին խոսելը վաղ է. երբ դեռ ընթանում են մարտական գործողություններ կամ դեռ չեն ավարտվել փոխհրաձգությունները»: Արդյոք ժամանակը չէ՞ ճանաչելու ԼՂՀ անկախությունը. հարցին, պարոն Շարմազանովը պատասխանեց. «Երբ լինի հարմար ժամանակը, Սերժ Սարգսյանը եւ ՀՀ իշխանությունն իր կարծիքը կասեն: Այս փուլում մենք ասացինք, որ խնդրի բացառապես խաղաղ կարգավորման կողմնակիցն ենք: Մեր նպատակը ԼՂՀ միջազգային ճանաչումն է, որպեսզի ԼՂՀ-ն դառնա միջազգայնորեն ճանաչված սուբյեկտ: Ուշ, թե շուտ, դա լինելու է, այլ ճանապարհ չկա»: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այսօր իր տված հարցազրույցում բացառել է հողերի վերադարձը, մինչդեռ ՀՀԿ որոշ ներկայացուցիչներ չեն բացառել նման հնարավորությունը, արդյոք սա չի՞ նշանակում, որ կա հակասություն ՀՀ եւ ԼՂՀ իշխանությունների միջեւ՝ Էդուարդ Շարամզանովը դա թյուրընկալում համարեց. «Իմ գործընկեր Հերմինե Նաղդալյանը հաջորդ օրը էլի հայտարարությամբ է եկել, որտեղ նա պարզաբանել է իր արտահայտած կարծիքը»: Իսկ այն հարցին, թե արդյոք այսօր եւս, ինչպես երեկ ՀՀԿ խմբակցության անդամների հետ հանդիպմանը, Սերժ Սարգսյանը խիստ տոնայնությա՞մբ է զրուցել, պարոն Շարմազանովը նախ զարմացավ. «Որեւէ մեկդ այդ հավաքին չեք եղել: Չեմ կիսում ձեր այն գնահատականը, թե խիստ տոնայնություն է եղել: Եղել է աշխատանքային հանդիպում, որը պարբերաբար մենք մեր կուսակցության ղեկավարի հետ ունենում ենք: Առաջին անգամ չէ, երբ ՀՀԿ խմբակցության պատգամավորները հանդիպում են կուսակցության առաջնորդի հետ: Դա նորմալ պրակտիկա է: Խնդրում եմ՝ ասեկոսեներին հղումներ մի արեք: Եղել է խիստ փոխադարձ հարգանքի մթնոլորտում հանդիպում եւ, այո, մենք լսել ենք մեր կուսակցության առաջնորդի հանձնարարականները, որոնք մենք պատրաստ ենք կատարելու»: