Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Համաշխարհային օվկիանոսում աղբի կույտը Ուկրաինայի չափի է հասել (տեսանյութ)

Հասարակություն
2558bff77b98a2c78710e84a59fc00d4

Մարդը և երկիր մոլորակը մշտապես գտնվում են պայքարի մեջ։ Պաշպանվողի դերում բնությունն է։ «Այսօրվա մարդու գլխավոր խնդիրներից մեկն այն է, որ նա ագրեսիվ փորձում է հնարավորինս պոկել երկրագնդից, առանց հաշվի առնելու, որ դա, ըստ էության, կենդանի ամբողջական մեխանիզմ է»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշում է աստվածաբան Վարդան Խաչատրյանը։ Երկիր մոլորակի վրա մարդու գոյատևման համար մոտ 200000 և ավելի պայման է պետք։ Դրանցից որևէ մեկի բացակայությունը կարող է հանգեցնել կյանքի վերացմանն ընդհանրապես։  Մինչդեռ փաստն այն է, որ մարդն իր գործունեությունը շատ դեպքերում ուղղում է հենց իր գոյությունն ապահովող պայմանների դեմ։ «Մարդկային գործունեությունն այսօր հանգեցրել է այնպիսի երևույթների, որոնք եթե թվարկենք, մարդիկ գուցե վախենան։ Ասենք օրինակ՝ համաշխարհային օվկիանոսում աղբի կույտի մակերևույթը, որը համարյա անթափանց է, Ուկրաինայի չափի է հասել»,- նշում է պարոն Խաչատրյանը։ Հասկանալու համար, թե վերջին տասնամյակներում ինչպես է մարդը բնության վրա ազդել, գիտնականներն ուսումնասիրել են Գրենլանդիայի սառույցները՝ հասնելով մինչև խորքեր։ Պարզվել է, որ վերջին 10 տարվա ընթացքում մարդու բացասական  ազդեցությունը բնության վրա 100-ավոր անգամներ գերազանցում է պատմական նախորդ ժամանակաշրջանները։ «Հիշում եմ՝ իմ երիտասարդ տարիներին, երբ որ ես կարդում էի բժշկական էնցիկլոպեդիան, այնտեղ գրված էր, որ քաղցկեղը ծերունական հիվանդություն է, անցել են ընդամենը տասնյակ տարիներ և մենք հանդիպում ենք քաղցկեղին, որը կարող է ի ծնե բնույթ կրել»։ Բնության դեմ պայքարը ակտիվորեն ծավալվել է նաև մեզանում։ Օպերայի շենքն ու նրա մերձակայքը 1980-ականներին ծառաշատ էր, այժմ այս տարածքները նվաճված են սրճարաններով, տարբեր օբյեկտներով։  Կանաչ  է Երևանը  նաև  Մոնումենտի շրջակայքը պատկերող այս լուսանկարում, հետագայում ծառերն այստեղ նույնքան խիտ չեն լինի։  Բնության սպանդ պատկերող մեկ այլ տեսարանն էլ Ռադիոտան մոտ է՝ հատվել են բողբոջած ու նոր-նոր տերևակալած տարբեր ծառեր։  «Սա անհետ չի կարող անցնել, մարդը ինքը վնասելով բնությանը անդրադարձը ստանալու է»,- կարծում է Վարդան Խաչատրյանը։ Բնության նախկին դիրքերը մեր կյանքում վերականգնելու համար, ըստ գիտնականի, 10-15 տարին էլ բավական է։ Հենց այդքան էլ պետք էր ճապոնացիներին՝ իրենց երկիրը աշխարհի ամենաանտառածածկ տարածքը դարձնելու համար։ Կանաչն այնտեղ մոտ 95%-ի է հասնում։