Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սլաքները հարուստների վրա ուղղելը հակակոնսոլիդացիայի կբերի (տեսանյութ)

Քաղաքականություն
hermine-2

Քիչ առաջ ավարտված ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հայտնեց, որ քննարկվել են ներքաղաքական հարցեր, խոսվել է  ԼՂՀ-ում տեղի ունեցած չորսօրյա պատերազմի շուրջ: «Երեկ Արցախից վերադարձել են բոլոր խմբակցությունների պատվիրակությունները: Շատ կարևոր էր այս օրերին բոլոր կուսակցությունների գործիչների համախմբումը մեր իշխանությունների, Սերժ Սարգսյանի շուրջ: Սա շատ կարևոր է և պետք է ձգտենք, որ դա պահպանվի ներքաղաքական իմաստով էլ»,-նշեց նա: Տիկին Նաղդալյանի խոսքով՝ շարունակվում է աշխատանքները տարբեր քաղաքական ուժերի հետ՝ կապված Ընտրական օրենսգրքի հետ: «Առաջարկների քննարկումներ են ընթանում»: Հարցին, թե «Նոր Հայաստան» ճակատի անդամ Ժիրայր Սեֆիլյանը նշել է, որ համախմբում չի կարող լինել ոչ ադեկվատ մարդկանց հետ, ԱԺ փոխնախագահն արձագանքեց.« Ծայրահեղ հայացքներ յուրաքանչյուր երկրում կարող են լինել, բայց դա շատ հեռու է իրականությունից: Նման կոչերով հանդես գալը փորձ է առանձնանալ հասարակությունից»: Բացի այս, ընդհանուր առմամբ քաղաքական գործիչների վերաբերյալ տիկին Նաղդալյանը շեշտեց. «Իմ անձնական կարծիքն է, որ մեր շատ քաղաքական ուժեր պետք է ավելի մոտ լինեն հասարակությանը, ժողովրդին: Այսպիսով քաղաքական ուժերը շատ ավելի մեծ հաջողություն կունենան»: Ռոգոզինի հայտնի արտահայտության կապակցությամբ, թե շարունակելու են զենք վաճառել Ադրբեջանին, գործիչը նշեց. «Լավագույն պատասխանն այն է, թե ինչ կատարվեց այդ հայտարարության հետ մեկ ժամ հետո. այն ջնջված էր այդ էջից»: Դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ մեր զինվորներն 80-ականների զենքով են կռվում, և պետք է հարուստ անձանց, պաշտոնյաների կառուցած առանձնատների փոխարեն օգնել բանակին, տիկին Նաղդալյանն ասաց.« Այժմ փորձելու են սլաքները շուռ տալ հարուստների կամ պաշտոնյաների դեմ: Սա հակակոնսոլիդացիայի կբերի: Չեմ բացառում, որ մեր պետական համակարգում ունենք բացասական կողմեր, դրա դեմ պայքարը պետք է լինի շարունակական»: «Ա1+»-ի հարցին, թե արդյո՞ք քննարկվել է ԵՏՄ-ից դուրս գալու հարցը, քանի որ դաշնակից Ռուսաստանը թե պատերազմական գործողությունների ընթացքում, թե հետո չեզոք պահվածք դրսևորեց, ԱԺ փոխնախագահը նշեց. «Մենք չենք համարում, որ ԵՏՄ-ից դուրս գալու հարցն ակտուալ է: Կարծում ենք, որ դա կարճամիտ, առանց փաստարկների հարց է: Մենք հասկանում ենք, թե ենթատեքստում ինչ է, հակա տրամադրությունների համար է դա օգտագործվում: ԵՏՄ-ն տնտեսական միություն է, կարճ ժամանակ է անցել, որ կայացած լինի: Մենք շարունակելու ենք մեր գործունեությունը ԵՏՄ շրջանակում»: Իսկ այն, որ շատ քննադատվեց վարչապետ Հովիկ Աբրահամյանի այցը Մոսկվա՝ այնտեղ մասնակցելու ԵՏՄ անդամ երկրների վարչապետների նիստին, արդյո՞ք դա սխալ մոտեցում չէր, ՀՀԿ-ականը նշեց.« Չեմ համարում, որ շատ քննադատվեց Հովիկ Աբրահամյանի այցը: Դա այն ուժերն էին քննադատում, որ հակառակ դիրքորոշում ունեին: Ճիշտ էր գնալ և մասնակցել, հետագայում էլ ակտիվ ներկայացնել մեր դիրքորոշումները: Մեզ համար հաճելի չէր, որ մեր ԵՏՄ գործընկեր վարչապետները հրաժարվեցին այդ այցից մեր երկիր: Բայց այցի ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն և մայիսի 20-ին տեղի է ունենալու հերթական հանդիպումը Երևանում»: Տիկին Նաղդալյանը վստահեցրեց, որ համապատասխան փաստաթղթեր պատրաստվել են՝ միջազգային կառույցներին ներկայացնելու համար, թե ինչ է կատարվել ԼՂՀ սահմանին: «ԵԽԽՎ պատվիրակությանը և այլ պատվիրակությունների նամակներով, ֆոտո և այլ փաստաթղթերով տեղեկացրել ենք, թե ինչ է կատարվել, ինչ վայրագություններ է կատարել հակառակորդը: Եկող շաբաթ ԵԽԽՎ նիստն է լինելու, մեր պատվիրակությունը ներկայանալու է: ՄԻԵԴ-ում նաև լուրջ աշխատանք կա տանելու»: