Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տեղամասերում լրագրողների ու դիտորդների թվի սահմանափակումը հանվել է

Կարևոր լուրեր Քաղաքականություն
rus144680289934

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն այսօր ներկայացրեց ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության հետ անցկացվող 4+4+4 հանդիպման այս պահին եղած արդյունքներն ու իշխանության դիրքորոշումը: Հանդիպման մասնակիցներն են նաեւ ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը, «Իրավունքի Եվրոպա միավորում» ԻՀԿ նախագահ Տիգրան Եգորյանը: Դավիթ Հարությունյանը ներկայացրեց այն մոդելը, որ իշխանությունները ցանկանում են  ներկայացնել ԱԺ ու նաեւ այլընտրանքային տարբերակները, ինչպես նաեւ՝ ընդդիմության այն առաջարկությունները, թե որոնք ենք ընդունել կամ ոչ 4+4+4 հանդիպումների արդյունքում: Նա նշեց, որ իշխանությունները հրաժարվել են գունավոր քվեաթերթիկներից. «Սկսեմ պոչից՝ լինելու է անկյունը կտրված ծրար, ինքնասոսնձվող դրոշմանիշեր՝ յուրաքանչյուր տեղամասի համար սպեցիֆիկ: Այն փակցվելու է քվեաթերթիկի վրա, որը երեւալու է ծրարի կտրված անկյունից: Ո՞րն է սրա հմայքը՝ հանձնաժողովի անդամը, որը տուփի համար է պատասխանատու, օրվա վերջում  դրոշմանիշը կամ քվեաթերթիկի կտրոնները պետք է վերադարձնի համապատասխան թվով»: Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ մասամբ ընդունել են ընդդիմության  առաջարկը՝  ունենալ երկու ցուցակ՝ ՀՀ-ում գտնվող ու բացակա. «Ամեն կուսակցության ներկայացուցիչ կարող է իր համար ստեղծել նման ցուցակներ ու նույնը էլեկտրոնային տարբերակով լինի, եւ քվեարկության ժամանակ սարքը մի լրացուցիչ ազդանշան կարող  է տալ, որ այս մարդը ենթադրաբար բացակայում է»: Նա նշեց, որ իշխանությունները չեն ընդունել մատների թանաքոտումը. «Սակայն մենք ունենք կոնտր առաջարկություն՝ յուրաքանչյուր ընտրող իր մատնահետքը կթողնի սարքի մեջ, իսկ հաջորդ օրը այդ հետքերը կհավաքվեն, ու դա պետք է լինի բոլոր մասնակից կուսակցությունների ներկայացուցիչների ներկայությամբ: Դրանք կհամադրվեն ու կդրվեն կենտրոնական սերվերի մեջ եւ կիմանանք՝ արդյոք կա՞ն ընտրողներ, որոնց մատնահետքերը կրկնվում են: Զինվորականների հետ կապված ասեմ, որ, ճիշտ է, նրանց ցուցակը գաղտնի է, սակայն նպատակ ունենալով փարատելու կասկածը ընտրակեղծարարության վերաբերյալ, զինվորականները եւս կթողնեն մատնահետքեր ու վերջում արդեն ընդհանուր բազմության մեջ կերեւա՝ համընկնումներ կա՞ն, թե ոչ»: Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ իրենք միանշանակ չեն ընդունել  ընտրացուցակների հրապարակումը: Իսկ ինչ վերաբերում է դիտորդ կազմակերպությունների մասնակցությանը, ապա, ըստ նրա, առնվազն հինգ տարվա համապատասխան գործունեության դրույթներ կունենան. «Ինչ վերաբերում է ԶԼՄ ներկայացուցիչների թվի սահմանափակմանը ընտրատեղամասերում, ապա ասեմ, որ ութ թվի սահմանափակումը հանվել է, սակայն եթե հանկարծ այնպիսի բազմություն լինի ընտրատեղամասերում, որը կարող է խանգարել ընտրությունների բնականոն ընթացքին, ապա հանձնաժողովի նախագահը կարող է 2/3-ով սահմանափակել ԶԼՄ ներկայացուցիչների թիվը, սակայն նրանց թիվը ընտրատեղամասում պետք է լինի նվազագույնը 15: Նաեւ ասեմ, որ վստահված անձանց թիվն ենք ավելացրել՝ յուրաքանչյուր կուսակցություն արդեն կարող է ունենալ երկու վստահված անձ»: