Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Երբ խաղաղապահներ են մտել, եղել են տարածքային կորուստներ»

Քաղաքականություն
ArmenZaruhi-nkarrr

«Ժառանգություն» կուսակցությունը համամիտ է այն մտքին, որ այժմ միասնականությունը պարզապես անհրաժեշտ է, երբ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին զինադադարի պայմանավորվածությունն ավելի քան երբևէ հարաբերական է։ «Բայց ազգային միասնություն չի կարող լինել այն պատճառով, քանի որ այժմ իշխանության են այնպիսի չինովնիկներ, որոնք մսխում են գումարները։ Համախմբումը մենք տեսնում ենք ոչ թե բառերի, բովանդակային առումով»,-այսօր ասաց կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։ «Ժառանգություն»-ը դեմ է սահմանին խաղաղապահ ուժերի տեղակայմանը. «Չկա ավելի լավ խաղաղապահ, քան մեր զինվորը։ Պատմությունը ցույց է տվել, որ բոլոր այն դեպքերում, երբ  խաղաղապահներ են մտել որևէ տարածք, եղել են տարածքային կորուստներ»։ Պարոն Մարտիրոսյանը շեշտեց նաև, որ այժմ անհրաժեշտ է ազգային համաձայնության կուսակցության ստեղծում։ «Այս պահին էր, որ պետք է համախմբվեինք, այս պահին էր, որ Սերժ Սարգսյանը պետք է ազատ արձակեր բոլոր քաղբանտարկյալներին։ Ոչ թե պետք է սեփական գրպաններն ուռճացնեին, դղյակներ կառուցեին, օֆշորներում բազմամիլիոնանոց հաշիվներ բացեին, և այդ ամենը պետական ռեսուրսի վատնման հաշվին, այլ դրա փոխարեն պետք է ընդամենը գային, նորմալ ծառայեին իրենց պաշտոնում։ Եվ բազմամիլիարդ գումարների մի մասը ներդրվեր պաշտպանության, մի մասն էլ՝ գիտության, կրթության ոլորտում»,-նշեց նա։ Իսկ զինտեխնիկայի համալրման և դիվանագիտական հարցերում նա տեսնում է իշխանությունների հստակ քայլերի անհրաժեշտությունը. «Այն յուրացումները, որ եղել են, պետք է բացահայտվի և դրանք ուղղվեն մեր անվտանգության ապահովմանը։ Հայաստանին այսպիսի անողնաշար իշխանություն պետք չէ։ Ամոթ մեր իշխանություններին, վարչապետին, որ գնաց Մոսկվա՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական նիստին, երբ երկու երկիր՝ Ղազախստանը և Բելառուսը դա մերժեցին, դեմարշ կիրառեցին մեր հանդեպ»։ «Պետք է համապետական սգո օր հայտարարեինք»,-իր հերթին նշեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, հավելելով, որ մեր զինվորների կյանքի գնով կարողացանք խուսափել ավելի ծանր իրավիճակից։ «Հիմա թաքնված պատերազմի մեջ ենք մենք գտնվում։ Բայց նորից որդեգրեցինք պաշտպանողական, այլ ոչ հարձակողական քաղաքականություն»,-շեշտեց նա։ Խոսելով Սերժ Սարգսյանի՝ ավելի լայնածավալ գործողությունների դեպքում Հայաստանի՝ ԼՂՀ ճանաչման մասին, տիկին Փոստանջյանն ասաց. «Այդպես չի կարող լինել։ Ղարաբաղի ճանաչման մասին ակտն արդեն պետք է պատրաստ լիներ և մենք մտածեինք հետագա քայլերի մասին։ Ադրբեջանի կողմից բազմաթիվ միջազգային նորմեր են խախտվել 4-օրյա պատերազմի ընթացքում, բայց դրանց վերաբերյալ ոչ մի փաստաթուղթ չի պատրաստվել՝ միջազգային կառույցներին ներկայացնելու համար»։ Պատգամավորի խոսքով՝ այժմ հայ-ռուսական հարաբերությունները ճգնաժամային վիճակում են և վերջին օրերի իրողությունները ցույց տվեցին, որ պետք չէ ապավինել այդ երկրին, որը դաշնակից է կոչվում։ Պարոն Մարտիրոսյանը կողմ է այլընտրանքային անվտանգության դաշնակիցներ փնտրելու գաղափարին. «Իրենցից դաշինք ներկայացնող կազմակերպությունների մասին չէ խոսքը, այլ ուղիղ գործընկերային հարաբերությունների։ Օրինակ՝ կա Չինաստանը, կա Միացյալ նահանգները, որը երբեք զենք չի վաճառել Ադրբեջանին»։