«Գրադ»-ից վնասվածքներ ստացած երեխաները դուրս կգրվեն հիվանդանոցից
ԼՂՀ Մարտունու ուղղությամբ «Գրադ» կայանքից իրականացված հրթիռակոծության հետեւանքով վնասվածքներ ստացած 11-ամյա Գեւորգ Գրիգորյանին երեկ վիրահատել են: «Գեւորգին մինչ երեկ չէինք վիրահատում, որովհետեւ վերքը շատ մեծ էր, տարածուն: Արդեն մաքրվել էր, կարեցինք»,- «Ա1+»-ին ասաց Ստեփանակերտի «Արեւիկ» մանկական բուժմիավորման գործադիր տնօրեն Մեսրոպ Մարգարյանը: Հիշեցնենք, որ Գեւորգ Գրիգորյանը վիրավորվել էր ապրիլի 2-ին: Նա դպրոցի բակում ազդրի բեկորային վնասվածք էր ստացել: Մեսրոպ Մարգարյանի խոսքերով՝ ամեն ինչ հարթ է ընթանում երեխայի ընդհանուր վիճակը միջին ծանրության է. «Երկուշաբթի կտեղափոխենք բաժանմունք, իսկ մի քանի օրից հետո դուրս կգրենք»: Մի քանի օրից հիվանդանոցից դուրս կգրվի նաեւ Գեւորգի ընկերը՝ Վարդան Անդրեասյանը, ով եւս վիրավորվել էր դպրոցի բակում: «Մի քանի օրից իրենք ոտքով կարող են տուն գնալ»,-եզրափակեց «Արեւիկ» մանկական բուժմիավորման գործադիր տնօրեն Մեսրոպ Մարգարյանը: