Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ժառանգություն» կուսակցության բանաձևը

Քաղաքականություն
f802618f4d6b1480ffd395ac458fc3b4

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁԵՎԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԱԶԳԱՅԻՆ ՇԱՀԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ   Վերջին քառորդ դարում, Խորհրդային Միության փլուզումից հետո, տարածաշրջանում ընթացող զարգացումները (Ուկրաինա, Սիրիա, Իրաք) ավելի ցայտուն են դարձնում 20-րդ դարասկզբից ժառանգություն թողնված խնդիրները (ցարական Ռուսաստանի անկում եւ Սովետական կայսրության ստեղծում, Օսմանյան կայսրության անկում եւ Թուրքիայի Հանրապետության ստեղծում` ի հաշիվ հայկական տարածքների): Սովետական Միության անկումից հետո 20-րդ դարավերջին վերականգնվեց Հայկական անկախ պետականությունը` երկու հանրապետությունների տեսքով, պատմական Հայրենիքի 42 հազար քառ. կմ տարածքի վրա (շուրջ 10 տոկոս): Քեմալաբոլշեւիկյան գործարքի արդյունքում հայկական տարածքները նվիրաբերվեցին. ԽՍՀՄ-ում` Ադրբեջանին (Արցախ, Նախիջեւան), իսկ Թուրքիայի Հանրապետությանը` Կիլիկիան, Արեւմտյան Հայաստանը եւ Արեւելյան Հայաստանի զգալի մասը: 20-րդ դարավերջին ԽՍՀՄ փլուզումից հետո իրենց անկախության մասին հայտարարեցին նաեւ Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը եւ Արցախը (Արցախի Հանրապետությունը մինչ օրս միջազգայնորեն ճանաչված չէ): Ադրբեջանը՝ ունենալով Թուրքիայի աջակցությունը, հարձակվեց Հայաստանի եւ Արցախի վրա` վերջինիս ինքնորոշման բնական ցանկությանն արձագանքելով պատերազմով: 1994 թվականին Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի հանրապետությունների միջեւ կնքվեց անժամկետ զինադադար, որը Ադրբեջանը պարբերաբար խախտում էր: Իսկ 2016 թվականի ապրիլի 2-ին այդ երկիրը զինադադարի խախտումները փոխարինեց արդեն լայնածավալ պատերազմական գործողություններով, ինչը հավանության արժանացավ Թուրքիայի կողմից: Հայաստանի եւ Արցախի հանրապետությունները քսանհինգ տարվա իրենց գործունեությամբ ապացուցել են, որ տարածաշրջանում հանդիսանում են խաղաղության ու կայունության երաշխավոր՝ չնայած շրջափակման մեջ են գտնվում Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից: Եկել է ժամանակը, որպեսզի միջազգային հանրությունը լիարժեք ճանաչի քաղաքակիրթ իր գործընկերոջ, տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն ապահովող, Արեւելքն ու Արեւմուտքը իրար կապող Հայկական պետականության գործոնը: Ելնելով վերոգրյալից`«Ժառանգություն» կուսակցությունը կոչ է անում.   1.      Հայաստանի Հանրապետությանը՝ ճանաչել Արցախի Հանրապետությունը եւ բացառել Արցախի վերաբերող որեւէ բանակցություն եւ փաստաթղթի ստորագրում առանց իր մասնակցության, Հայաստանի Հանրապետության ստորագրությունը հանել հայ-թուրքական արձանագրություններից, Արցախի սահմանների պաշտպանության հարցում բացառել որեւէ օտար ուժի ներկայություն, սկսել գործընթաց Եվրոպայի Խորհրդում Ադրբեջանի անդամակցությունը դադարեցնելու վերաբերյալ եւ այդ երկրին միջազգային ատյաններում կանչել պատասխանատվության: 2.      Ամերիկայի Միացյալ Նահանգներին՝ ճանաչել Արցախի Հանրապետությունը, միջոցներ ձեռնարկել վերականգնելու Ադրբեջանի նոր զինված ագրեսիայի հետեւանքով Արցախի տուժած տնտեսությունն ու ենթակառուցվածքները, նախաձեռնել Վիլսոնի իրավարար վճռի կենսագործումը: 3.      Եվրամիությանը՝ ճանաչել Արցախի Հանրապետությունը եւ բանակցություններ սկսել նրա հետ Եվրասոցացման պայմանագիր ստորագրելու շուրջ: 4.      Ռուսաստանի Դաշնությանը՝ ճանաչել Արցախի Հանրապետությունը, դատապարտել Ադրբեջանին վաճառած իր հարձակողական սպառազինության միջոցով Արցախի դեմ պատերազմ սանձազերծելու իրողությունը, չեղարկել Ադրբեջանին սպառազինությունների հետագա վաճառքի վերաբերյալ բոլոր պայմանավորվածությունները, ձեռնպահ մնալ Իրանի ու Հայաստանի ինքնիշխան իրավունքի` գազամուղի, նավթատարի եւ երկաթգծի կառուցմանը խոչընդոտելուց: 5.      Չինաստանի Ժողովրդական Հանրապետությանը՝ ճանաչել Արցախի Հանրապետությունը եւ Հայաստանը դիտարկել Մետաքսի մեծ ճանապարհի վերագործարկման ծրագրում որպես լիիրավ մասնակից: 6.      Իրանի Իսլամական Հանրապետությանը՝ ճանաչել Արցախի Հանրապետությունը, կյանքի կոչել Իրանի ու Հայաստանի միջեւ նավթատարի, գազատարի եւ երկաթգծի կառուցումը` դիտարկելով Հայաստանը որպես տարանցիկ երկիր դեպի Եվրոպա: 7.      Վրաստանի Հանրապետությանը՝ ճանաչել Արցախի Հանրապետությունը, Ջավախքը դարձնել երկու երկրները կամրջող կենսօղակ, հասնել հայոց մշակութային ժառանգության խնդիրների համակողմանի լուծմանը եւ մասնակցել Իրան-Հայաստան-Վրաստան-Եվրոպա գազատարի, նավթատարի ու երկաթգծի կառուցման ծրագրերի իրականացմանը: 8.      Ադրբեջանի Հանրապետության ժողովուրդներին՝ տապալել Ալիեւի մարդատյաց եւ հանցագործ կլանային վարչակարգը, պահանջել նոր իշխանություններից ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունն ու մյուս ազգային միավորների ինքնորոշման իրավունքը, նպաստել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը եւ ազգերի խաղաղ համակեցությանը: 9.      Թուրքիայի Հանրապետությանը՝ ճանաչել Արցախի Հանրապետությունը: Ճանաչել եւ դատապարտել Թուրքիայի կողմից իրականացված՝ Հայոց ցեղասպանությունն ու Հայրենազրկումը, փոխհատուցել եւ վերացնել դրանց հետեւանքները (բարոյական, նյութական, տարածքային): 10.  Աշխարհի բոլոր պետություններին՝ ճանաչել Արցախի Հանրապետությունը եւ աջակցել վերականգնելու Արցախի Հանրապետության՝ պատերազմից տուժած տնտեսությունն ու ենթակառուցվածքները:   «Ժառանգություն» կուսակցությունը կոչ է անում համայն հայությանը` համախմբվել Հայկական պետականության շուրջ՝ ազգային շահի սպասարկման հրամայականով: