Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավետիք Իշխանյան. «Միջանկյալ հրադադար»-ի հետ մեծ հույսեր կապել պետք չէ

Քաղաքականություն
avetiq-ishkxanyan

«Ապաշնորհ ներքին քաղաքականության և նույնքան ապաշնորհ ու երկչոտ արտաքին քաղաքականության հեղինակությունը վերականգնեց հայ զինվորը».Ա. Իշխանյան Անդարադառնալով Ղարաբաղյան հակամարտության գոտում Ադրբեջանի կողմից ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը պատերազմի վերսկսմանը և դրան հաջորդող իրադարձություններին`Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն ասաց, որ թեև այստեղ չի կարելի օգտագործել «գենոցիդ» բառը, բայց այն, որ Ադրբեջանի ղեկավարի նպատակը հայ բնակչության ոչնչացումն էր, միանգամայն  պարզ է, քանի որ պատերազմը ոչ միայն զինված ուժերի դեմ էր, այլև խաղաղ բնակիչների, որի ապացույցը խաղաղ բնակավայրերի ռմբակոծումն ու Թալիշ գյուղի դեպքերն են: Իրավապաշտպանը կարծում է, որ Ադրբեջանը  ռազմական ներխուժմամբ առնվազն երկու նպատակ է հետապնդել. «Առաջինը` «բլիցկրիգով» միանգամից գրավել և  կոտորել տեղի ժողովրդին, իսկ դա ձախողելու դեպքում`որոշակի դիրքեր գրավելն ու իրենց ցանկացած  բանակցությունները  պարտադրելն էր, այսինքն ինչպես իրենք են պատկերացնում «հայկական ուժերին ստիպել գնալ զիջումների մինչև վերջ»: Ադրբեջանական ծրագիրը փաստորեն ձախողվեց»: Թեև 1994թ.-ին կնքվեց անժամկետ զինադադարը, բայց պատմությունը ցույց է տալիս, որ այդ պայմանագրերը հիմնականում չեն գործում, ասում  է Ավետիք Իշխանյանը  և որպես օրինակ նշում  խորհրդա-գերմանական պայմանագիրը(1939թ.): «Իրականում Ադրբեջանը 1994թ.-ից սկսած պատրաստվում էր պատերազմի, իսկ արդյո ՞ ք  մենք էլ էինք պատրաստվում պատերազմի, թե հույս  էինք դրել միջազգային հանրության վրա»: Այս տեսակետից իրավապաշտպանը զարմանալի է համարում երեկ Գերմանիայում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ հայկական կողմը կռվում է  80-ականների զենքերով. «Դա ի ՞ նչ է նշանակում, այսինքն, երբ  մեզ հավաստիացնում էին, որ մենք ունենք արդիական պաշտպանական համակարգ, պարզվում է, սու ՞ տ է: Իսկ եթե այդ հայտարարությունը  միջազգային հանրության աչքերին թոզ փչելու համար էր, ապա դա որևէ քննություն չի բռնում, քանի որ դրանով ցույց ենք տալիս Ադրբեջանին, որ մենք լիարժեք պաշտպանված չենք, իսկ եթե մեր տղաներն իսկապես կռվում են   80-ականների զենքերով, ապա դա խայտառակություն է:  Փաստորեն այս պատերազմի սանձազերծման միակ հույսը մեր արիությունն էր: Ապաշնորհ ներքին քաղաքականության և նույնքան ապաշնորհ ու երկչոտ արտաքին քաղաքականության հեղինակությունը վերականգնեց հայ զինվորը»: Ավետիք Իշխանյանը համոզված է, որ այս իրավիճակից կարելի էր խուսափել, եթե  1994թ.-ից սկսած  ղարաբաղյան հարցը մեր երկրի համար զարգացման խթան լիներ, այլ ոչ թե խոչընդոտ. «Ես ուզում եմ մեջբերել Ռուբեն Բաբայանի այն տեսակետը, որ «Հայաստանը պետք է Բանակ-պետություն լիներ», այսինքն` իմ կարծիքով  Իսրայելի և Շվեյցարիայի նման պետություն, ուժեղ և ժողովրդավար: Մենք պետք է լինեինք հզոր ժողովրդավարական պետություն, որի քաղաքացիները հպարտ լինեին, որ այդ պետության քաղաքացիներն են, ամեն մեկն իրեն զինվոր զգար, այս  դեպքում մենք կունենայինք հզոր, լավ զինված բանակ, թեև հիմա էլ մեր բանակը լավն է, և որևէ մեկը չէր համարձակվի հարձակվել մեզ վրա: Սա  է ամենակարևոր դասը, որ պետք է լինի ապագայի համար»: Ավետիք Իշխանյանի բնորոշմամբ այս` «միջանկյալ հրադադար»-ի հետ մեծ հույսեր կապել պետք չէ: Ավելին, իրավապաշտպանը կարծում է, որ հիմա եկել է այն պահը, երբ Հայաստանը  շտկելով  անցյալի բաց թողնված հնարավորությունները, կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: «1991 թ.-ին, երբ  պատերազմը սանձազերծվել էր և Ղարաբաղում տեղի էր ունեցել հանրաքվե`բոլոր միաջազգային նորմերին համապատասխան, կարծում եմ, այդ ժամանակ Հայաստանը պետք է ճանաչեր Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Դրանից հետո, 1994թ-ին, երբ  զինադադար հայտարարվեց, Հայաստանը պետք է   ճանաչեր Ղարաբաղի անկախությունը և թելադրեր հրադադարի պայմանները, իսկ երրորդը Ռամիլ Սաֆարովի դեպքն էր, որը ցույց տվեց, որ անիմաստ է շարունակել բանակցությունները մի երկրի հետ, որտեղ  հերոսացնում են  քնած մարդուն կացնահարողին: Վերջին օրերի դեպքերը, հատկապես խաղաղ բնակիչներին ռմբակոծելը և Թալիշի վայրագությունները հիմք են տալիս Հայաստանին   ճանաչել Ղարաբաղի անկախությունը, քանի որ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի   և Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների միջազգային կոնվենցիայի ամենակարևոր իրավունքը կյանքի իրավունքն է, իսկ այս դեպքերը ցույց են  տալիս, որ վտանգված է Ղարաբաղի ժողովրդի կյանքի իրավունքը: Ադրբեջանցիները, որ պնդում են, որ Ղարաբաղի ժողովուրդը Ադրբեջանի բնակչությունն է, պատրաստ են կոտորել այդ ժողովրդին: Սա այն դեպքն է, որը որևէ քննություն չի բռնում և այս հիմնավորումներով կարելի է  ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը»: Զուգահեռներ տանելով, Ավետիք Իշխանյանը նշում է, որ ճանաչելով Կոսովոյի անկախությունը, Արևմուտքը պարտավոր է ճանաչել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը. «Այստեղ էլ Արևմուտքն է երկակի ստանդարտներով գործում, եթե առաջնորդվում է իր կողմից հռչակված արժեքներով, ապա պետք է հետևի այդ արժեքներին և ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը և  չառաջնորդվի զուտ քաղաքական շահերով: Կոսովոյի և Լեռնային Ղարաբաղի  դեպքերը տարբեր են, բայց և նման են, նման են, բայց նաև` տարբեր: Փաստորեն Կոսովոյի  անկախությունը   հիմնականում ճանաչել են քաղաքակիրթ երկրները, ու եթե մենք համեմատենք, ապա Սերբիան ժողովրդավարական ամենաբարձր մակարդակի երկիրն է`Ադրբեջանի համեմատ: Սա ևս կարող է հիմնավորում լինել Ղարաբաղի անկախությունը ճանաչելու համար»: Ավետիք Իշխանյանը նշում է, որ այս պատերազմը ցույց տվեց նաև, որ լիովին արդարացված են Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի առթիվ մտահոգությունները. «Թեև ռուսական չինովնիկներն ամենաբարձր մակարդակով հայտարարում էին, որ թույլ չեն տա, որ այդ զենքն օգտագործվի Հայաստանի դեմ, բայց հարց էր առաջանում, իսկ Ադրբեջանը ու ՞մ դեմ պետք է օգտագործեր զենքը, եթե տարածաշրջանում հակառակորդը մենք ենք: Սա լուրջ մտահոգության տեղիք է տալիս: Դաշնակից լինում են այն ժամանակ, երբ  դու քեզնից ուժ ես ներկայացնում: Եթե Ռուսաստանը համարում է, որ մենք իր դաշնակիցն ենք և Հայաստանը նույնպես կարծում է, որ Ռուսաստանն իր դաշնակիցն է, ապա այս իրադարձություններից  հետո Հայաստանը պետք է հստակ պահանջներ դնի Ռուսաստանի առջև: Ի վերջո, եթե ցանկություն լիներ կասեցնել այս պատերազմական գործողությունները, ապա բարձր տեղեկատվական տեխնոլոգիաների  շնորհիվ   Ռուսաստանը կարող էր իմանալ, որ Ադրբեջանը հսկայական զորք է կուտակել, և մի կողմից պետք է սաստեր Ադրբեջանին, մյուս կողմից այդ մասին պետք է զգուշացներ Հայաստանին` լինելով դաշնակից և Մինսկի խմբի համանախագահող երկիր»: Հայաստանը  լիովին իրավունք ունի պահանջել  հեռացնելու ԵԱՀԿ Մինսկի խմբից Թուրքիային և Բելոռուսին, որպես կողմնակալ պետություններ` հօգուտ Ադրբեջանի,-նշում է իրավապաշտպանը: Ավետիք Իշխանյանը որպես եզրահանգում մեջբերում է  Արամ Մանուկյանի խոսքերը. « «Մենակ ենք, և հույսներս պետք է դնենք մեզ վրա»: Սա հուսահատության հարց չէ, այլ համախմբման. համախմբված ամենափոքր ժողովուրդն էլ կարող է հաղթել, բայց համախմբում ինչի ՞ շուրջ: Սրանից հետո հասարակական կյանքում շատ մեծ փոփոխություններ են պետք, քանի որ այժմ Հայաստանում նոր իրականություն է ստեղծվել և այն պահանջում է ներքին քաղաքական նոր մոտեցումներ»: Ավետիք Իշխանյան