Առաջին գիծ. Հակառակորդից 300 մետր հեռավորության վրա (տեսանյութ)
Մարտական դիրքն օրեր առաջ ահեղ կռիվ է տվել ադրբեջանցիների դեմ։ Հակառակորդին չի օգնել անգամ մեծաքանակ ռազմական տեխնիկան։ Զոհերը միայն ադրբեջանցիներ էին։ «Մոտավոր 2 տասնյակից ավելի կլինեին»,- ասում է զինծառայող Էդգարը։ Հակառակորդից 300 մետր հեռավորության վրա զգոնությունը պարզապես ապրելակերպ է։ Փոխհրաձգությունից առաջ ողջ գիշերը ադրբեջանցիներն աննախադեպ ակտիվ են եղել, ինչը չի վրիպել դիրքում կանգնած տղաների աչքից։ Վաշտի հրամանատար Արման Իսկանդարյանը նշում է. «Մենք նկատել ենք ահագին մեծ ծավալով տանկեր, իրենց անձնակազմի շարժը, որ եկել են իրենց խրամատներում և երկրորդ գծում տեղակայվել»։ Հաշված վայրկյանների ընթացքում մեր զինվորներն արդեն եղել են խրամատներում՝ խափանելով ադրբեջանական հարձակումը։ «Շնորհիվ դիրքի անձնակազմի՝ մենք կարողացել ենք նրանց հետ շպրտել։ Հակառակորդին ընդհանրապես չենք թերագնահատում, բայց մենք ավելի ուժեղ ենք, քան իրենք»,- ասում է հրամանատարը։ Խրամատներում կանգնածները փաստեր ունեն, որ հակառակորդի կազմում մեծաթիվ են օտարերկրյա վարձկանները։ «Զինծառայողի խոցելու դեպքում նրանց մոտից ահագին գումար է հայտնաբերվում, որովհետև նրանք վարձու են։ Մեր դիմաց կանգնած է նաև սպեցնազի անձնակազմը»։ Դիրքի մերձակայքում դեռ թարմ են հակառակորդի ականանետերի հետքերը։ Պայքարել է նաև դիրքի պահապաններից սպիտակ շունը՝ ոտքից վիրավորում ստանալով։ Հիմա այստեղ հարաբերական խաղաղություն է, ինչը սակայն չի ազդում զգոնության վրա։ Զինվորների մտքում միայն մեկ բան է։ «Մտածում ենք հաղթանակի մասին, որ մենք ենք, մեզանից հետո չկա ոչ մեկ»,- ասում է զինվոր Էդգարը։ Վաշտի հրամանատար Արման Իսկանդարյանը 28 տարեկան է, երկու երեխայի հայր։ Մի քանի ևս մեկ զավակ կունենա։ Թիկունքից մշտապես զգում է ընտանիքի շունչը։ «Ընտանիքիս անդամները Մարտակերտում են բնակվելիս եղել։ Երբ այդ դեպքերը սկսվեց ես իրենց անմիջապես ուղարկեցի Ստեփանակերտ, հիմա իրենք բնակվում են Ստեփանակերտում»։ Հրամանատարը մեծ ջանքեր է գործադրում ընտանիքին հանգստացնելու համար։ «Ասում եմ ամեն ինչ լավ է, ոչ մի բան չկա, ամեն ինչ մեր ձեռն ա, ինչ ուզում այն էլ անում ենք։ Բայց պարզ է, որ չեն հավատում, որովհետև դմփոցները մինչև այնտեղ լսում են»։ Այս դիրքում սահման պահողը միայն զինվորականները չեն։ Նրանց հետ հավասար հերթապահում են նաև կամավորականները։ Աշոտ Սարուխանյանն ասում է. «Հանուն մեր հողի, հանուն մեր հայրենիքի որոշել ենք գանք, սատար կանգնենք մեր նորակոչիկներին, դուխ տանք ու պաշտպանենք մեր հողը»։ Դիրքի հաջողությունն այս տղաները պայմանավորում են առաջին հերթին իրար նկատմամբ հոգատարությամբ։ Ըստ նրանց՝ վաշտի հրամանատարի կեցվածքն ու գործելակերպն այլ բան թույլ էլ չի տալիս։