Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կրակի դադարեցման որոշումը՝ Մոսկվայում ՊԲ շտաբի պետերի հանդիպումից հետո (տեսանյութ)

Քաղաքականություն
seyran

Մինչ կառավարության նիստի մեկնարկն այսօր մեկ րոպե լռությամբ կառավարության անդամները հարգեցին զոհված զինծառայողների ու խաղաղ բնակիչների հիշատակը: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը զեկուցելով վերջին օրերի իրավիճակը՝ նշեց, որ վերջին օրերի գործողությունները սահմանին աննախադեպ էին ոչ միայն 1994 թվականի զինադադարի կնքումից հետո, այլեւ պատերազմի տարիների հետ համեմատած. «Աննախադեպ էին իրենց կիրառած տեխնիկայի առումով, աննախադեպ էին կրակի խտությամբ, ինչպես նաեւ ժամանակի առումով կորուստների թվով»: Սերյան Օհանյանը, սակայն, վստահեցրեց, որ թշնամու կորուստները մի քանի տասնյակ անգամ շատ են: Նա նշեց նաեւ, որ թշնամու շարքերում եղել են վարձկաններ ու ահաբեկիչներ, որոնք ակնհայտորեն նախապես պատրաստված են եղել: «Իսկ  մեր հասարակական համախմբումը, կամավորական շարժման համախմբումը  կարելի է ասել վերածնունդ էր»,- նշեց նախարարը: Պաշտպանության նախարարը վստահեցրեց, որ Ադրբեջանական կողմի տարածած լուրերը  թե հայկական որոշ գյուղեր գտնվում են նրանց ձեռքում՝ սուտ է. «Նրանք ոչնչի չեն հասել: Թալիշն ու Սեյսուլան ԼՂՀ պաշտպանության խորքում են գտնվում»: Նա նշեց նաեւ որ Մոսկվայում երեկ հանդիպել են երկու երկրների ՊԲ շտաբի պետերը, և կրակի դադարեցման ուղղությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել: Սեյրան Օհանյանը վստահեցրեց, որ ԼՂՀ պաշտպանության բանակը զգոն է եւ պատրաստ է  ոչ միայն դիմակայել հակառակորդին, այլեւ  կասեցնել նրա հետագա գործողությունները: