Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԴԱՀԿ արգելանքը՝ Կարեն Վարդանյանի սպանության պատճառ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
003999

«Ցավոք սրտի, երբ որ ես նայեցի իրենց հարեւան երիտասարդի եւ տաքսիստի նկարին, իսկապես հասկացա՝ ինչ բարոյահոգեբանական անառողջ մթնոլորտ է տիրում:  Բա հայը հային ինչ-որ կոպեկների համար կսպանի՞, շատ ցավալի է, շատ դաժան է»,- մեզ հետ զրույցում ասում է «Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության նախագահ Արշակ Սադոյանը։ Նա Կարեն Վարդանյանի հետ  12 տարի աշխատել է. «Թող չնեղանան մեր կուսակից ընկերները, բայց մեր կուսակցության մեջ երեւի ամենապայծառ եւ հանճարեղ ուղեղը Կարենն էր»: 14 օր անհետ կորած վերլուծաբան, հասարակական գործիչ Կարեն Վարդանյանին այսօր գտել են սպանված: 34 -ամյա Կարեն Վարդանյանին սպանել են նրա հարեւանը՝ Գեւորգ Զոհրաբյանը եւ տաքսու վարորդ  Արթուր Միհրանյանը: Նրանք բութ գործիքներով բազմաթիվ վնասվածքներ են հասցրել իրենց զոհին եւ դին թաքցրել Գևորգ Զոհրաբյանին պատկանող ավտոտնակում: Կարեն Վարդանյանն իր բնակարանը նվիրատվությամբ փոխանցել է Գեւորգ Զոհրաբյանին, որպեսզի հետագայում նա վաճառի եւ գումարը փոխանցի իրեն: Պատճառը, ըստ վարկածների, ԴԱՀԿ-ում ունեցած պարտքն է եղել։ Արշակ Սադոյանը չի հավատում, որ ԴԱՀԿ-ի կողմից դրված  300,000 դրամ արգելանքի համար  Կարենը իր բնակարանը գրանցեր ուրիշի անունով: Կարեն Վարդանյանը մի շարք օրենսդրական նախաձեռնությունների հեղինակ է, առաջադրվել էր որպես ԱԺ պատգամավորի թեկնածու, Սահմանադրական հանրաքվեից օրեր առաջ հեղինակել է  «Սահմանադրության փոփոխություններ. ռիսկերը եւ վտանգները» գրքույկը: Կարեն Վարդանյանի սպանության բացահայտմանը շատ է օգնել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, նա իր գործընկերոջ անհետանալու հենց  առաջին օրվանից կասկածել է Գեւորգին. «Այն ժամանակ, երբ Կարենը պետք է ուղեւորվել Դուբայ, որպեսզի բոլորը մտածեին, որ նա Դուբայում է, ՖԲ-ում գրառում է անում Կարենի  անունից, թեև իբրեւ Դուբայում աշխատանք է գտել, որպեսզի մենք մտածենք, որ Կարենը չկա, որովհետեւ Դուբայում աշխատանք է գտել»: Դանիել Իոաննիսյանը նշում է՝ ամեն ինչ պետք է արվի, որպեսզի Կարենի բնակարանի գումարը հետ ստանան. «Անկախ նրանից, որ Կարենն այլեւս չկա, ես չեմ ուզում, որ բնակարանի վաճառքից ստացված գումարը Գեւորգը եւ իր հարազատները վայելեն»։ 34- ամյա Կարեն Վարդանյանը ընտանիք չուներ, Դանիել Իոաննիսյանը մտածում է այդ գումարն ուղղել բարեգործական նպատակների. «Մարդկանց օգնում էր անշահախնդրորեն, անսահման, ինքը նույնիսկ անծանոթ մարդկանց արձագանքում էր, ինքը ընդհանրապես  չուներ թշնամիներ»: Իսկ  Արշակ Սադոյանն ավելացնում է՝ սպանողներն ամենախիստ պատիժը պետք է կրեն. «Մարդակերությունը պետք է մեր երկրում պատժվի։  Ցմահ բանտարկություն առնվազն, առնվազն»։