Ինչպես կարելի է մոդերնիզացնել «Զվարթնոցի» հին շենքը (տեսանյութ)

Ճարտարապետներն այսօր ներկայացրել են «Զվարթնոց» օդանավակայանի կլոր մասնաշենքը պահպանելու հնարավորություն ընձեռող նախագիծը։

«15 տարի քննարկվում է այն հարցը, որ պետական կլոր օդանավակայանը չի համապատասխանում միջազգային ստանդարտներին և չի կարող օգտագործվել ժամանակակից ավիացիայի գործառույթների համար, սակայն մեր հետազոտությունը ցույց տվեց, որ ի սկզբանե Զվարթնոց օդանավակայանի նոր մասնավոր շենքի կառուցումը եղել է սխալ որոշում, ինչն առաջացրել է տարբեր խնդիրներ»,- ասում է ճարտարապետ Անահիտ Թարխանյանը։

Ըստ նրա՝ չի կարելի հավատալ այն պնդումներին, թե հնարավոր չի օգտագործել Զվարթնոց օդանավակայանի կլոր մասնաշենքը և այն դարձնել արդիական։ Ճարտարապետն առաջարկում է ծանոթանալ իրենց պատրաստած նախագծին, որով հերքվում է այդ թեզը։

«Եթե մենք մեքենաների կայանատեղը հանում ենք Զվարթնոց օդանավակայանի տակից, ինչը միջազգային պահանջ է, ձևավորվում են տարածքներ, ինչը թույլ կտա նորմալ  իրականացնել օդանավակայանի աշխատանքը»։

«Օդանավակայանն այն կառույցն է, որը ժամանակի ընթացքում զարգանալու խնդիր ունի և չի բացառվում, որ մեջը որոշակի փոփոխություններ մտնում են, բայց դա չի նշանակում, որ մշակութային արժեքը ստորադասվում է այդ խնդիրներին»,- նշում է ճարտարապետ Սաշուր Քալաշյանը։

Ըստ նրա՝ բոլոր այն երկրներում, որտեղ նման խնդիրներ են առաջացել, այդ շենքերը պահպանվել են և օգտագործվել այլ նպատակներով։ «Զվարթնոցը չի կարելի այլ նպատակներով օգտագործել և այն ունի հնարավորություն որպես օդանավակայանում ծառայելու»,- հավելում է մասնագետը։