Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կենտրոնում շենքերը կառուցվում են սեյսմիկ խախտումներով (տեսանյութ)

Հասարակություն
մկ

«Երեւանում քաղաքաշինական զարգացման միտումներն ու սեյսմիկ անվտանգության խնդիրները» թեմայով այսօր Մեդիա կենտրոնում կազմակերպված քննարկման ժամանակ ՀՀ Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը նշեց, որ Երեւանի կենտրոնը խիստ ծանրաբեռնված է եւ այլեւս կառուցապատման տեղ չկա. «Այս հախուռն շինարարությունը բերեց նրան, որ մենք մի կողմից զրկվեցինք պատմական շենքերից, մյուս կողմից՝ խիտ կառուցապատում ունեցանք, որտեղ նաեւ օկուպացիա արեցինք հանրային կանաչ տարածքները, քաղաքից վերցրեցինք յուրաքանչյուր քառակուսի մետր»,-ասաց ճարտարապետը, ում խոսքով՝ սեյսմիկ անվտանգության տեսանկյունից նոր շենքներն այդքան վտանգ չեն ներկայացնում: Քննարկմանը ներկա՝ Հայնախագիծ ինստիտուտի ճարտարապետ Սաշուր Քալաշյանն էլ հավելեց, որ խորհրդային տարիներից մեզ ժառանգություն հասած շենքերը չեն համապատասխանում ներկայիս սեյսմիկ պահանջներին. «Անկախացման տարիներին համատարած սեփականաշնորհում գնաց, եւ շենքերի նկուղային հարկերը վաճառվեցին, օգտագործվեցին հանրային կամ այլ նպատակների համար, որի ընթացքում կոնստրուկտիվ համակարգին մեծ վնաս հասցվեց: Վերնահարկերի կառուցման տենդենցն ավելի վատթարացրեց իրավիճակը»,-նշեց նա՝ հավելելով, որ այդ շենքերը կառուցված են մինչեւ 7 բալ սեյսմակայունությամբ, մինչդեռ ներկայումս նորմատիվը փոխված է, եւ պահանջվող բալը հասել է 9-ի: ՀՀ Քաղաքաշինության նախարարի խորհրդական Ալեքսանդր Մովսիսյանը, ով նույնպես ներկա էր քննարկմանը, նշեց, որ իրենք հաշվարկել են եւ պարզել, որ հին շենքերն ուժեղացնելու համար 30-31 միլիարդ դոլար է անհրաժեշտ: «Բացի սա, Հայաստանում վթարային 26 բազմաբնակարան շենք կա, որոնք պետք է քանդվեն եւ նորերը կառուցվեն: Ֆինանսական լուրջ ներդրումներ են պետք»,-ասաց նա՝ համաձայնելով այն մտքի հետ, որ ներկայիս կառուցապատումները շատ հաճախ խախտումներով են ընթանում: «Հաշվի առնելով այն, որ այդ խախտումները հիմնականում տեղի են ունենում Կենտրոնում, նախարարության կողմից մշակվել է օրենք Երեւանի փոքր կենտրոնի վերաբերյալ, որն արդեն ԱԺ-ում է: Օրենքը լուրջ սահմանափակումներ է բերում կառուցապատման վերաբերյալ, որ այդ խախտումները չլինեն»,-նշեց նա՝ հավելելով, որ քաղաքաշինության նախարարությունը ցանկանում է վերականգնել նախագծերի պետական փորձաքննության ինստիտուտը: