Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ադրբեջանական կողմը հրաժարվում է նախագահների հանդիպումից» (տեսանյութ)

Քաղաքականություն
media-1

«Հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածությունը առիթ է, որպեսզի կայանա Սարգսյան-Ալիեւ հանդիպումը, սակայն ադրբեջանական կողմը հրաժարվում է»,-այսօր Մեդիա կենտրոնում քննարկման ժամանակ ասաց քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը: Ըստ նրա՝ յուրաքանչյուր նման լարվածությունից հետո Վաշինգթոնը փորձեր է անում նախագահի մակարդակով հանդիպում կազմակերպել եւ վերսկսել բանակցությունները Ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ. «Մինսկի խմբի ամերիկյան համանախագահն անցած տարիներին քանի անգամ առիթ ունեցել է պաշտոնապես ներկայացնելու Վաշինգթոնի մոտեցումը խնդրի կարգավորման վերաբերյալ եւ նշել նախագահների գագաթնաժողով կազմակերպելու անհրաժեշտությունը: ԱՄՆ-ը կցանկանար այս շրջանում կազմակերպել Սարգսյան-Ալիեւ հանդիպումը, բայց Ադրբեջանը փաստացի հրաժարվում է վերականգնել բանակցային ֆորմատը»,-նշեց նա: Քննարկմանը ներկա էր նաեւ Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը, ում խոսքով ներկայումս սահմանին տիրող լարված իրավիճակը պայմանավորված չէ որեւէ լուրջ հանգամանքով: «Ոչ մի նոր զարգացում չկա, որոնցից ելնելով պահպանվում է լարվածությունը: Մենք ունենք մի իրավիճակ, երբ կարեւոր հանդիպումների կամ միջազգային իրադարձությունների նախօրեին լարվածության էսկալացիա  է տեղի ունենում, այնուհետ նվազում է, որպեսզի մի քանի շաբաթ հետո վերսկսվի: Ցավոք, Ադրբեջանի ղեկավարությունն իր նախորդ քայլերով, հայտարարություններով եւ ոչ արդարացված հույսերով ստեղծեց մի իրավիճակ, երբ այլեւս չի կարող հետ գնալ իր ստեղծած լարվածությունից»,-ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ չարյաց փոքրագույն իրավիճակ ունենք սահմանին: Իսկ ինչպե՞ս է սիրիական հակամարտությունն անդրադառնում Ղարաբաղյան խնդրի վրա: Ստյոպա Սաֆարյանի կարծիքով՝ այդ ազդեցությունը դրական չէ. «Սիրիական հակամարտությունը պարունակում է վտանգ, որ Ադրեբջանը կարող  է հավատալ իր մկաններին, իր ուժերին, իսպառ թքել միջազգային իրավունքի նորմերի վրա եւ նույնպես դիմել ուժային գործողություների: Նման հայտարարություններ եղան Ադրբեջանի կողմից Հարավային Օսիայի, Ուկրաինայի դեպքերից հետո եւ Սիրիայի դեպքում էլ այդ ռիսկը պահպանվում է»: