ՀՀԿ-ն քաղաքական դպրոց կբացի (տեսանյութ)
ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո, որն ավարտվեց քիչ առաջ, Էդուարդ Շարմազանովը լրագրողներին հայտնեց, որ քննարկվել են ներկուսակցական և ներքաղաքական հարցեր: Կայացվել է երեք որոշում, որոնցից մեկն արտաքին կապերի հանձնաժողով ստեղծելն է, մյուսն այս տարվա աշնանը կայանալիք հերթական համագումարի ժամանակ` կուսակցության ծրագրում փոփոխություններ կատարելը: Իսկ երրորդը` քաղաքական դպրոց բացելն է: « Աշխարհի շատ առաջադեմ կուսակցություններ ունեն քաղաքական դպրոց: Մենք այդ դպրոցն անվանելու ենք երջանկահիշատակ վարչապետ, մեր սիրելի Անդրանիկ Մարգարյանի անունով»,-շեշտեց պարոն Շարմազանովը: Իսկ ներքաղաքական առումով հիմնական քննարկումը կապված է եղել Ընտրական օրենսգրքի հետ: Հարցին, թե ինչպես է ՀՀԿ-ականը վերաբերվում այսօր Մաշտոցի պուրակին հարակից հատվածում տեղի ունեցած ակցիային, որի ընթացքում ակտիվիստ Կարո Եղնուկյանի կնոջը ոստիկանը վնասվածք է հասցրել, նա նշեց. « Քաղաքացիները պետք է սովորեն ոստիկաններին հարգել: Մեր երկրում ընդունված չի եղել, որ կանայք պառկեն և իրենց մեխեն ասֆալտին»: