Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի հրաձիգները պաշտպանված են դոպինգներից

Սպորտ
sport-hradzig

Հայաստանի հրաձիգները մելդոնիումի հետ կապված ոչ մի խնդիր չունեն: Այսօր կազմակերպված մամուլի ասուլիսին ասաց Հայաստանի հրաձգության հավաքականի գլխավոր մարզիչ Սեդրակ Նիկողոսյանը: «Մենք մարզիկների համար աչքի դեղ օգտագործելիս անգամ նախապես հարցնում ենք մասնագետներին, արդյոք այն արգելված դեղամիջոց է, թե՝ ոչ: Մեր հրաձիգները աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում ենթարկվել են դոպինգ ստուգման: Ոչ մեկի մոտ դրական արդյունք չի եղել, եւ չի էլ լինի: Դա բացառվում է» - ասաց նա: Փորձառու մասնագետն անդրադարձավ նաեւ մարզաձեւի գլխավոր խնդիրներին: Նա նշեց, որ դրանք երկուսն են՝ ֆինանսավորումը եւ մարզիկների զենքերն արտասահման տեղափոխելը: «ՀՀ կառավարությունը մեր ֆեդերացիային ամեն տարի հատկացնում է 26 մլն դրամ գումար: Այս տարի քայլեր ենք ձեռնարկում այն ավելացնելու համար: Եթե դա հաջողվի, ապա մարզաձեւն ավելի կզարգանա հանրապետությունում, իսկ արդյունքներն ավելի բարձր կլինեն: Կապված զենքերի տեղափախման հետ կապված խնդրին, ապա մաքսային ծառայությունները դրանում ոչ մի մեղք չունեն, պարզապես մեր օրենքներով անհատը կարող է իր հետ զենք տանել օդանավով՝ ցույց տալով ներքին գործերի նախարարության թույլտվությունը, իսկ ահա կազմակերպությունը նման իրավունք չունի: Այդ իսկ պատճառով մենք զենքերն հանձնում ենք մաքսատուն, իսկ դրանք արտերկրում ստանալը երկար ժամանակ է պահանջում» - փորձեց պարզաբանել հավաքականի գլխավոր մարզիչը: Խոսելով մեր հրաձիգների 2016 թվականի օլիմպիական խաղերին մասնակցելու  հնարավորությունների մասին, Սեդրակ Նիկողոսյանն ասաց հետեւյալը. «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը զբաղված է հրաձգության սպիտակ քարտ ստանալու հարցերով: Եթե Հայաստանին նման քարտ տրամադրվի, ապա Հրաչիկ Բաբայանը կմասնակցի Ռիո-2016-ի խաղերին»: