Իշխանափոխության երրորդ փորձն է սկսվում (տեսանյութ)
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը երրորդ անգամ կփորձի իշխանափոխություն իրականացնել։ Այդ նպատակով Ժիրայր Սեֆիլյանի գլխավորությամբ առաջիկա օրերին կսկսվի ընդդիմադիր ուժերի համախմբման պրոցես։ «Որևէ ընտրության մասնակցելով ի օգուտ ժողովրդի փոփոխություն ակնկալելը միամտություն է։ Լուծումը միայն ու միայն մոբիլիզացիայով, ժողովրդին մոբիլիզացնելով շատ կարճ ժամկետում համապատասխան պայքար առաջացնելն ու ժողովրդին ոտքի հանելով ռեժիմից ձերբազատվելու մեջ է»,- ասում է պարոն Սեֆիլյանը։ Ընտրությունների միջոցով Հայաստանում իշխանափոխությունը բացառող Ժիրայր Սեֆիլյանը սահմանում է ուժերի շրջանակը, որոնց հետ իրենք ճանապարհ կգնան։ «Անհատները կամ ուժերը պետք է միավորվեն, դրանք շատ չեն՝ Ստեփան Դեմիրճյանն է, ՀԱԿ-ն է, Նիկոլ Փաշինյանն է՝ «Քաղաքացիական պայմանագրով», Աշոտ Մանուչարյանն է, Պարույր Հայրիկյանը, Արամ Կարապետյանը և ինչու չէ քաղաքացիական ուժեր»։ Ընդդիմադիրների միավորման նախորդ փորձի ժամանակ Ազատության հրապարակում «Նոր Հայաստանին» չմիանալու հիմնավորում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը բերել էր գործողությունների հստակ հաջորդականության չլինելը։ «Այս անգամ մենք պարոն Փաշինյանի սեղանին դնելու ենք ճանապարհային քարտեզի պահանջը, այդ փաստաթուղթը այսօր իսկ պատրաստ է, այսօր-վաղը դա կլինի, նաև քաղաքացիների համար է հստակ լինելու ճանապարհային քարտեզը»։ Ըստ Ժիրայր Սեֆիլյանի՝ իրենք բացառում են համագործակցությունը մարտի 1-ն իրականացրած ուժերի հետ։ Չի մանրամասնում՝ այդ կազմում մտնելո՞ւ է Վարդան Օսկանյանի կողմից ստեղծվելիք կուսակցությունը, սակայն այդ գործիչը «փրկվելու» շանս ունի միայն մեկ պարագայում. «Նա եթե ուժ գտնի և մեղայականով հանդես գա, ներողություն խնդրելով մեր ժողովրդից, որ այդ օրերին կանգնած է եղել ոճրագործի կողքին, բացահայտումներ կատարի ներքին խոհանոցից, թե հրամանները ինչպես են կատարվել, ով ում է հրամայել, ժամով, բոլոր մանրամասնություններով՝ ես կարծում եմ այդ դեպքում գուցե, ոչ թե մենք կգործակցենք, այլ ժողովուրդը այդ մարդուն կներեր»։ Ըստ պարոն Սեֆիլյանի՝ համախմբում իրականանալու դեպքում պայքարը կլինի հանրահավաքային, իսկ ամեն դեպքում՝ իրենք Ազատության հրապարակից դուրս չեն գա։