ՏՄՊՊՀ-ն վերանվանել «մենաշնորհների պաշտպանության հանձնաժողով» (տեսանյութ)
ԱԺ-ում այսօր շարունակվում է ՏՄՊՊՀ 2015թ. տարեկան ծրագրի քննարկումը։ Հայաստանի տնտեսական զարգացմանը խոչընդոտող համակարգը ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը հետևյալ կերպ է բնութագրում. «Սերժ Սարգսյանի ռեժիմը ապօրինի արտոնություններ է տվել իր հավատավոր մերձավորներին և պետական իշխանության լծակների ամբողջ համակարգը ծառայեցնում է մենաշնորհների տերերի հարստացմանը և այս իշխանության պահպանմանը»։ Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ խոսքը վերաբերում է հատկապես լայն սպառման ապրանքներին։ Լևոն Զուրաբյանը պնդում է՝ հազարավոր մարդիկ փորձել են զբաղվել բիզնեսով և անմիջապես բախվել մենաշնորհային տեռորի։ «Տպավորություն է ստեղծվում, որ միակ մարմինը, որն այս ամենից տեղյակ չէ, հենց Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովն է, որը վաղուց վաստակել է իրավունքը վերանվանվելու մենաշնորհների պաշտպանության հանձնաժողով»։